տուն Հասարակություն Առողջապահություն Տուգանքի ինչ չափ է սահմանված մեր հարեւան եւ եվրոպական երկրներում դիմակ չկրելու...

Տուգանքի ինչ չափ է սահմանված մեր հարեւան եւ եվրոպական երկրներում դիմակ չկրելու համար

374
0

Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագիծ:

Այս նախգծով հանրային բաց և փակ տարածքներում դիմակ չկրելու տուգանքի չափը փոխվում է: Հանրային բաց տարածքներում դիմակ չկրողները կտուգանվեն 20 000 դրամով, իսկ բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներում եւ աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտողները կտուգանվեն 50.000 ՀՀ դրամի չափով:

Araratnews.am լրատվականը համեմատական է անցկացրել, թե որքան է կազմում տուգանքի չափը մեր հարևան, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներում: 

Մեր հարևան Վրաստանում տնից դուրս գալիս դիմակ չկրելու համար ֆիզիկական անձանց համար սահմանված է 20 լարի տուգանք, այսինքն` մոտ 3170 դրամ,իսկ իրավաբանական անձանց համար՝ 500 լարի, այսինքն`մոտ 79 000 դրամ: Հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ կազմակերպող յուրաքանչյուր իրավախախտ տուգանվում է 2000 լարի, որը համարժեք է 650 դոլարին, իսկ իրավաբանական անձինք՝ 10 000 լարի, որը համարժեք է մոտավորապես 3300 դոլարին: Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կանոնների խախտման տուգանքը ֆիզիկական անձնանց համար 3000 լարի է կամ շուրջ 880 եվրո, իսկ իրավաբանական անձանց համար՝ 15000 լարի կամ գրեթե 4400 եվրո: Իսկ կրկնակի իրավախախտումների դեպքում հարուցվում է քրեական գործ, մասնավորապես ազատազրկում`առավելագույնը 3 տարի ժամկետով:

Թուրքիայում սահմանված է 900 լիրա կամ 150 դոլար տուգանք՝ պարտադիր դիմակներ կրելու կանոնները խախտելու համար: Իսկ Ադրբեջանում դիմակ չկրելու  համար տուգանքը սահմանված է 150 ադրբեջանական մանաթ կամ 30 դոլար: Պաշտոնատար անձանց համար տուգանքի չափը կազմում է 100 մանաթ կամ 60 դոլար, իսկ իրավաբանական անձանց համար՝ 200 մանաթ կամ 120 դոլար: Կրկնակի իրավախախտները կտուգանվեն հետևյալ կերպ. ֆիզիկական անձինք` 100, պաշտոնյաները`  200, իսկ իրավաբանական անձինք`400 ադրբեջանական մանաթով:

Ռուսաստանի Դաշնությունում արտակարգ դրության ժամանակ գրանցվել է տուգանքների հետևյալ պատկերը: Ռուսաստանի Պետդումայի սահմանված ռեժիմի համաձայն՝ օրենքով սահմանված կարգը խախտելով տնից դուրս գալը արժե 4000 ռուբլի, իսկ տրանսպորտային միջոցով երթևեկելը` 5000 ռուբլի: Պաշտոնատար անձանց տուգանքի չափը կազմում է 30 000-40 000 ռուբլի: Ուկրաինայում կարանտինային կանոնների խախտման համար սահմանված տուգանքի չափը կազմում է 17-34 000 գրիվնա կամ 580- 1160 եվրո:

Տուգանքների սահմանաչափերն ավելի խիստ են հատկապես եվրոպական երկրներում: Իտալիան, լինելով պանդեմիայից ամենաշատ վարակվածներ ու մահեր գրանցած երկրներից մեկը, բավականին խիստ պատժամիջոցներ է սահմանել: Արտակարգ դրության և պանդեմիայի առաջին դեպքերի հաստատումից հետո Իտալիայում 10 անգամ աճել է տուգանքների չափը: Թվերի աճին զուգընթաց տուգանքի չափն ավելի մեծացավ` 400 եվրոյից հասնելով մինչև  3000-ի`կախված խախտումից: Մեկուսացման պայմանների խախտման և հայտնաբերման դեպքում, եթե մարդը առողջ է` տուգանվում է 230 դոլարով կամ բանտարկվում է 3 ամիս ժամանակով: Իսկ Ֆրանսիայում անձը կտուգանվի 148 դոլարով` տանը մնալու կարգը խախտելու համար:

Իսպանիան կորանավիրուսից ամենաշատ տուժած երկրների առաջին հորիզոնականներում է` մահերով ու վարակվածներով պայմանավորված: Իսպանիայում տուգանքի չափը բավականին կլորիկ գումար է կազմում: Ամենասկզբում 600-10 000 եվրո տուգանք էր սահմանված: Իսկ հետո, Իսպանիայի օրենսդրության համաձայն, այն անձինք, որոնք խախտել են ազգային արտակարգ դրության մասին օրենքի պայմանները, պարտադիր կտուգանվեն` ամենաթեթև խախտումները  100 եվրո, իսկ վերջին շրջանում ամենածանրերը` 30 000 եվրո: Իսկ կորանավիրուսի երկրորդ ալիքը կհանգեցնի կրկին տոտալ սահմանփակումներ կիրառելուն:

Եվրապական երկրներից Գերմանիայում դիմակ չկրելու պայմանը խախտողները կտուգանվեն 5000 եվրո, իսկ կրկինակի խախտան դեպքում այս թիվը կարող է հասնել մինչև 25 000 եվրոյի: 5000 եվրո ստիպված կլինեն վճարել բարերի, գիշերային ակումբների, խաղատների և ֆիտնես ակումբների սեփականատերերը, եթե շարունակեն աշխատել արտակարգ դրության պայմաններում: Իսկ պիկնիկների մասնակիցները կվճարեն 250 եվրո տուգանք: ԱՄՆ-ում էլ սահմանված սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար նախատեսված է տուգանք 500-1000 դոլարի չափով:

Սերբիայում էլ մեկուսացման կարգը խախտողները կտուգանվեն մինչև 150 դինար, այսինքն`շուրջ 1300 եվրո: Խախտման կրկնակի դեպքերի հայտնաբերման ժամանակ քաղացացին կարող է դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով:

Իսկ Թայվանում 33 հազար ԱՄՆ դոլարի տուգանք է նշանակվել տղամարդուն, որը խախտել է կարանտինը գիշերային ակումբ գնալու համար: Տղամարդը պետք է մնար պարտադիր երկշաբաթյա ինքնամեկուսացման մեջ հարավարևելյան Ասիայից վերադառնալուց հետո: Թայվանում մեկուսացված մարդկանց հետևում են GPS համակարգի միջոցով. եթե անձը լքում է տարածքը, ոստիկանությանն այդ մասին հայտնի է դառնում:

Ահա այսպիսին է իրավիճակը մեր հարևան ու եվրոպական մի շարք երկրներում: Վերը նշված երկրներում տուգանքները հանրությանը զսպող և կորանավիրուսի տարածումը կանխարգելող ամենաարդյունավետ միջոցներն են: Այնպես որ՝ յուրաքանչյուրիցս է կախված, թե երբ կնահանջի համավարակը: Պետք է հետևել սահմանված կանոններին. տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, կրել դիմակներ, հաճախակի ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն: Առողջ եղեք…

Հայկ Մագոյան