Այսօր առավոտյան ժամը 8-ին «Տոնուս» շինարարական կազմակերպությունից դժգոհ մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Սերժ Սարգսյանի կեցավայրի շուրջ՝ հույս հայտնելով, որ իրենց խնդրին շտապ լուծում կտրվի: Հավաքվածներին այսօր մոտեցել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, հրավիրել երկու լիազոր անձ՝ խնդրի քննարկման համար:
Քննարկումից հետո ներկաներին ասել են, որ իրենց մեկ ամսից պատասխան կտան: «Տոնուս» ընկերությունից դժգոհները իրենց խաբված են համարում և չգիտեն ում դիմել իրենց իրավունքները պաշտպանելու համար:
Նշենք, որ բնակելի շենքը կառուցապատող «Տոնուս» շինարարական ընկերությունը 2006 թվականին պայմանագիր է կնքել մի խումբ քաղաքացիների հետ, որով նախատեսվում էր բնակարանի գումարի 50 տոկոսը վճարեն միանվագ, 30 տոկոսը տարիների ընթացքում, իսկ մնացած 20 տոկոսը բնակիչները պետք է վճարեին կադաստրում սեփականության իրավունքը գրանցելիս: 2010 թ. պետք է շենքը հանձնվեր շահագործման: Բայց «Տոնուս» կազմակերպությունը չէր ավարտում կառուցապատման աշխատանքները:
«Ամեն անգամ, մեր հարցերին ի պատասխան, պատճառաբանում էին, թե իբր ֆինանսական վիճակը լավը չի, իբր դիմացը ձմեռ է և այլն: Ու անընդհատ ձգձգելով հասավ 2013 թվականը: Մի տարի առաջ մենք էն ակնկալիքով, որ պետք է մտնենք բնակարաններ, մեզ ասում են, որ բնակարանի հանդեպ ոչ մի իրավունք չունենք, քանի որ դրանք գրավադրված են «Արցախբանկում»:
Հետո մենք իմացանք, որ կազմակերպության սեփականատերը միջոցներ հայթայթելու համար մեր կիսակառույցը գրավ է դրել բանկում և վերցրել է գումար, որպեսզի կառուցապատման աշխատանքները հասցնի ավարտին: Հիմա մենք չգիտենք, ոնց հետ ստանանք մեր բնակարանները: Քանի որ ամեն կառույց ասում է, որ մեր խնդիրը իրենց հետ չի կապված: Ոչ էլ կառավարությունը լուծեց էդ հարցը: Իմիջիայլոց, գործը դատարանում է: Էս գործընթացը մի տարի է, ընթանում է, ոչ մի պատասխան չունենք, ոչ մի տեղից»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Աննա Մկրտչյանը: