Անցած տարի՝ 2013-ին, Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակել է ցուցաբերել աճի միտումներ՝ միաժամանակ պահպանելով կայունությունն ու անհրաժեշտ ճկունությունը՝ հնարավոր ռիսկերին դիմակայելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի (ԿԲ) ֆինանսական համակարգի կայունության բաժնի պետ Անդրանիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ 2008-2009թթ. համեմատ ֆինանսական համակարգում մի քանի տոկոսային կետով նվազել է բանկային համակարգի տեսակարար կշիռը, ինչը դրական միտում է, քանի որ խոսում է դիվերսիֆիկացիայի ավելացման մասին: Այնուամենայնիվ, Բանկային համակարգը դեռ ֆինանսական համակարգի հիմնական մասն է՝ ավելի քան 89%-ը:
Վերջին տարիներին էականորեն աճել են վարկերի ու ավանդների տեսակարար կշիռները ՀՆԱ-ում: Մասնավորապես՝ վարկերի տեսակարար կշիռը հասել է 40%-ի, իսկ ավանդներինը՝ 35%-ի, այն դեպքում, երբ 2010-ին, օրինակ, այդ ցուցանիշները համապատասխանաբար 27% և 20% էին: