Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա հունվար-մայիս ամիսների նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ՝ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 5.1%, ավելի շատ, քան ապրիլի (4.4%), մարտի (4.1%), փետրվարի (3.4%) և հունվարի (2.3%) համապատասխան ցուցանիշներն էին: ՏԱՑ-ի այս տարվա հունվար-մայիսը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ եղել է 4%:
Հիշեցնենք, որ ՏԱՑ-ի հիման վրա հաշվարկվում է Համախառն ներքին արդյունքի աճի, կամ որ նույնն է՝ տնտեսական աճի ցուցանիշը: Այս տարվա պետական բյուջեով նախատեսված է 5.2% տնտեսական աճ, սակայն Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է 4%-ից ոչ բարձր, իսկ Հայաստանի կենտրոնական բանկը՝ 4.5%-ից ոչ բարձր տնտեսական աճ: