տուն Բանակ Տղերք, ձեր հերթն է

Տղերք, ձեր հերթն է

620
0

Մենք զինվորապաշտ ազգ ենք: Զինվորը սրբություն է հայերիս համար, որովհետև մենք շատ լավ ենք հասկանում հայ զինվորի կարևորությունը, դերը` մեր երկրի խաղաղության պահպանման գործում: 

Թերևս, միայն հայ մայրը կարող է լրիվ անծանոթ տղային`զինվորին փորձել օգտակար լինել, առանց վերջինիս կամքը հարցնելու, միայն հայ երթուղայինի վարորդը կարող է զինվորից փող չվերցնել, միայն հայը կարող է զինվոր տեսնելիս այնպես ժպտալ՝ ասես հարազատի, միայն հայը կարող է անկեղծ մտահոգվել իր ազգի զինվորի համար  և, վերջապես, միայն հայը կարող է այսպես սիրել իր բանակի զինվորին:

Եվ այստեղ արտասովոր ու առանձնահատուկ ոչինչ չկա: Պատերազմող երկրի քաղաքացին այլ կերպ չէր կարող վարվել: Մեր պապերն ու հայրերը Արցախյան գոյապայքար են տեսել, մեր սերունդը` Ապրիլյան պատերազմ: Այս երկու պատերազմներում մենք կյանք ու կռիվ ենք տվել հանուն մեր Հայրենիքի ամբողջականության, մեր տունը կանգուն պահելու համար: Եվ շատ բնական է, որ հայ տղայի համար զինվորանալը պատիվ է ու հպարտություն…

Էլի զորակոչ է: Կլոր տարին մենք զինվոր ենք ուղարկում բանակ, որ խաղաղ կարողանանք ապրել: Մեր կենսաձևն է այսպիսին: Մենք գիտենք, թե որքան թանկ են մեր տղերքը, բայց և գիտենք, թե ինչ է մեզ համար Հայրենիքը: Ու նաև գիտենք, թե ինչ թանկ գին ենք վճարել Հայրենիք ունենալու համար:

Մի քանի օրից զորակոչ է: Եվ հիմա քո հերթն է: Հայրենիքը քեզ է սպասում: Սահմանին կանգնած ժամկետային զինծառայողը, որը երկու տարի շարունակ մեր երկրի սահմանն է պահել, քեզ է սպասում: 

Քո ժամն է հասել: Կապ չունի` երկրում համավարակ է, ճգնաժամ, քաղաքական դաշտում անկայունություն: Դու գնում ես մի տեղ, որտեղ կանոններն ու պահանջները հստակ են, հրամանի կատարումը` պատվաբեր, ծառայությունդ` փառաբանվող:

Այո, մի քանի օրից զորակոչ է: Զինկոմիսարիատի մուտքի մոտ հուզված ու կիսաթաց աչքերով մայրդ քեզ բանակ կճանապարհի: Բայց դրանք ամենևին էլ տխրության ու անհանգստության արցունքներ չեն: Այս ընթացքում մայրդ համոզվել է, որ բանակում տեղի են ունեցել շրջադարձային և աննախադեպ բարեփոխումներ: Մայրդ վստահ է, որ իր որդին բանակում սոված չի մնալու, որովհետև այսօր զինվորին շատ լավ են կերակրում: Մայրդ հուզվելու է հպարտությունից, որ իր որդին մեծացել, այնքան է մեծացել, որ գնում է Հայրենիքը պաշտպանելու:

Մի քանի օրից զորակոչ է: Տղերք, ձեր հերթն է: Հիմա ձեզ է վստահվելու Հայրենի եզերքը պաշտպանելու ամենապատասխանատու և ամենապատվաբեր գործը: Գիտեմ` ներքին տագնապ կա, անհանգստություն, բայց դա ամենևին ծառայելուց վախենալը չէ: Ես գիտեմ, որ դու ուզում ես պարտքդ տալ և ծառայել աշխարհի լավագույն բանակում` Հայկական Բանկում: Անհանգստությանդ պատճառն էլ գիտեմ`կարոտն է տանջելու: Վստահ եղեր`կանցնի, կհաղթահարես և կարճ ժամանակ անց ինքդ կգոտեպնդես սիրելիներիդ, որ բան չմնաց, շուտով տուն ես գնալու…

Տղերք, ձեր հերթն է: Կարևոր է, որ դուք գիտակցությամբ և ամենայն լրջությամբ մոտենաք Հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին: Դուք գնում եք մեր խաղաղությունը պահպանելու: Դուք կարևոր գործով եք գնում: Հայկական բանակի զինվորի բարձր կոչումն եք կրելու: Դուք պատվով պիտի ծառայեք և վերադառնաք տուն: Չէ որ իրենց հերթին սպասող տղերք կան:

Բայց հիմա ձեր հերթն է, տղերք…

Հայկ Մագոյան