28-ամյա թայլանդցին մահացել է լիցքավորիչին միացված սմարթֆոնով խաղ խաղալու հետևանքով: Ըստ նախնական վարկածի՝ նա էլեկտրական ցնցում է ստացել:
Թայլանդցին փակվել էր իր սենյակում սմարթֆոնով խաղալու համար, որպեսզի չօգնի մորը տունը մաքրելու հարցում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Թայլանդցու մայրը զանգահարել է որդուն, սակայն վերջինս նրա զանգերին չի պատասխանել: Մայրն աշխատանքի գնալուց առաջ մտել է որդու սենյակ, որպեսզի տեսնի, թե ինչու նա չի պատասխանում իր զանգերին:
Մտնելով որդու ննջարանը՝ մայրը նկատել է, որ որդին պառկած է: Նա կարծել է, թե տղան քնած է, այնուհետև նրա ձեռքերում այրվածքներ նկատելով, փորձել է արթնացնել տղային: Մայրն իսկույն ոստիկանություն է զանգահարել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից առաջ քաշված նախնական վարկածի համաձայն՝ տղան էլեկտրական ցնցում է ստացել: