տուն Քաղաքական ՏԻ համակարգը դեռևս լիարժեք չի կայացել

ՏԻ համակարգը դեռևս լիարժեք չի կայացել

126
0

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը գրում է.

Տեղական ինքնակառավարման մարմինները ունեն կարևոր առաքելություն․ համայնքի բնակիչների համար ապահովել բարեկեցիկ և զարգացող միջավայր

Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 23-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին, համայնքային ծառայության և առհասարակ համայնքների զարգացման գործի նվիրյալներին։
Տեղական ինքնակառավարման մարմինները ունեն կարևոր առաքելություն․ համայնքի բնակիչների համար ապահովել բարեկեցիկ և զարգացող միջավայր։ Տնտեսական հեղափոխության տեսլականը և համայնքների զարգացման պատկերացումները այն ուղենիշն են, որով պետք է առաջնորդվեն ՏԻՄ ներկայացուցիչները ՀՀ քաղաքացուց շնորհված մանդատը իրացնելիս։
Բարձր գնահատականի են արժանի ՏԻՄ այն ներկայացուցիչները, որոնք, օգտվելով այդ մանդատը իրացնելու ընձեռնված հնարավորությունից և վեր կանգնելով քաղաքական հայացքներից, համայնքի բնակչի առջև բարձր պատասխանատվության գիտակցումով լծվել են հայրենիքի ու իրենց համայնքի շենացման գործին։
Առանձնահատուկ երախտագիտությունս եմ ուզում հղել նաև տեղական ինքնակառավարման բարդ և պատասխանատու ոլորտում ներգրավված կանանց, կին համայնքապետերին և ավագանու անդամներին, որոնք հաստատապես առավել ունակ են հաղորդակից լինել համայնքի բնակչությանն ու նրա հոգսերին և կանացի հոգատարությամբ մասնակից դառնալ համայնքի խնդիրների լուծմանը ու բնակիչների համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելուն։
Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումից 23 տարի անց , անհրաժեշտ է արձանագրել, որ ՏԻ համակարգը, լինելով ժողովրդավարության կարևոր հենասյուն, դեռևս լիարժեք չի կայացել։ Հենց այդ համակարգը կայունացնելուն և զարգացնելու են միտված մեր իշխանության բարեփոխումները և օրենսդրական նախաձեռնությունները ՏԻ ոլորտում, որոնց շարքում կառանձնացնեմ այն մանրակրկիտ և շրջահայաց աշխատանքները, որ տարվում են համամասնական ընտրակարգի ներդրման, համայնքային ծառայության բարելավման, համայնքների միավորման գործընթացը որակապես այլ փուլ տեղափոխելու, սուբվենցիայի ծրագրերին համայնքների մասնակցության հնարավորությունները և ֆինանսավորումը մեծացնելու ուղղությամբ։
Այսպիսով, ապակենտրոնացման իրականացմանը, համայնքների կարողությունների ամրապնդմանն ու տեղական մակարդակում կառավարման մասնակցայնությանն ու թափանցիկության բարձրացմանն ուղղված այս գործընթացը շարունակական է լինելու մինչև ցանկալի արդյունքների հասնելը։
Տեղական ինքնակառավարման մեջ անմիջական մասնակցության ունեցող սիրելի քաղաքացիներ, ինչպես ՏԻ մարմիններն են պատասխանատու համայնքի բնակչի առջև, այնպես և համայնքի բնակիչն է պատասխանատվություն կրում իր կատարած ընտրության համար։ Ուստի ՏԻՄ կայացման ճանապարհին այս գիտակցումը թող լինի ձեր համայնքի զարգացման առհավատչյան։
ՏԻՄ հարգելի ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ, կրկին շնորհավորում եմ այս կարևոր օրվա առթիվ և մաղթում հաջողություններ և համատեղ արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն մեր հայրենիքի, ի շահ Հայաստանի Հանրապետության։