«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր ելույթում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի լայվի վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանի մեկնաբանությանը:
Պապոյանը մասնավորապես նշեց.
«Ինչ է ասում վարչապետը. «Ես խոսքով, հաղորդակցությունով եմ ՀՀ վարչապետ դարձել, հիմա պետք է սպեցնազը հանեմ և ծեծուջարդ անե՞մ ժողովրդի մեջ, որ կարգ ու կանոն պահպանեմ: Ես ո՞նց անեմ այդպիսի բան: Ես սովոր չեմ. ես հաղորդակցության ուրիշ կուլտուրայով եմ եկել, երբ որ մենք իրար հետ խոսելով և պայմանավորվելով ենք արել դա: Խստացնելը՝ խստացնենք, բաց մենք մեր երկրում փոփոխություններ ենք արել ընդամենն իրար հետ զրուցելով, իրար հետ պայմանավորվելով, իրար խնդրելով, իրար կոչ անելով, իրար բացատրելով, իրար աղաչելով, իրար հարգելով: Հիմա սա ուզում եք փոխարինել դուբինկաներով պարի հե՞տ՝ սա պրոբլեմ է. սա իմը չէ: Այսպես կարելի է վարվել հանցավոր շրջանակների հետ: Սեփական ժողովրդի հետ ինչպե՞ս կարելի է այդպես վարվել»:
Ակնհայտորեն այս ելույթին տեղյակ է տիկին Զոհրաբյանը, և ես չգիտեմ, թե ինչպես նա կարողացավ այս խոսքերից ենթադրել, որ վարչապետը վախեցնում է սպեցնազով կամ դուբինկաներով, կամ պատասխանատվությունը փորձում էր գցել ժողովրդի վրա, երբ որ հենց այդ նույն ուղիղ եթերի մեջ վարչապետը նշեց, որ պատասխանատու են բոլորը, այդ թվում նաև ինքը: