Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած վերլուծության մեջ, որում նա պատասխանել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատությւոններին, տեղ է գտել տարօրինակ «վրիպակ»: Ներկայացնելով 2009 թ. տնտեսական անկման մասին տվյալը՝ Տ. Սարգսյանը նշել է, որ ՀՆԱ անկումը եղել է 18,5%, որին 14,1%-ով նպաստել է շինարարությունը:
2009 թ. նման մեծ անկումը հիմնավորելու համար Տ. Սարգսյանն իր վերլուծության մեջ հղում է կատարել Արժույթի Միջազգային Հիմնադրամի մեկ այլ վերլուծության՝ ARMENIA’S HOUSING BOOM-BUST CYCLE, սակայն վարչապետի նշած լինքով նման տվյալներ ու դիագրամմա չգտանք:
Ըստ պաշտոնական վարկածի՝ 2009 թ. ճգնաժամային տարում Հայաստանում արձանագրվել է ՀՆԱ-ի 14.1%անկում: Ընդ որում՝ սա վերջնական տվյալներն են, իսկ նախնական տվյալներում անկումը եղել է 14,4%:
Ըստ վերջնական ճշտված վիճակագրական տվյալների՝ շինարարությունում անկումը 2009 թ. կազմել է 41.6%, որն էլ հիմնականում պատճառ է դարձել տնտեսական մեծ անկման: Սակայն նշենք, որ տնտեսության մյուս ճյուղերում ևս անկում է արձանագրվել, այսպես՝ մշակող արդյունաբերությունում եղել է 7,1% անկում: Հայաստանի տնտեսությանը 2009 ճգնաժամային տարում «փրկել են» հանքարդյունաբերությունն (աճը՝ 6,3%) ու գյուղատնտեսությունը (աճը՝ 5.9%):