Ինչպես ավելի վաղ նշել էինք, երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր գրել: Ինչն էր ստիպել վերջինիս նման որոշում կայացնել կամ արդյոք սա նոր քաղաքկան խաղի սկզիբ էր: Այս և այլ հարցերի շուրջ araratnews.am-ի լրագրողը զրուցել է «Նոր ժամանակներ» կուակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ, ով նշել է, որ Տիգրան Սարգսյանի հեռանալու պատճառներն ամենևին էլ ներքաղաքական չեն: «Չեն կարող լինել նաև տնտեսական պատճառներ, քանի որ, եթե այդպես լիներ, ապա Տիգրան Սարգսյանը 6 տարի առաջ պետք է հրաժարական տար: Ես այդ հրաժարականն ավելի շատ կկապեի դրսում կատարվող իրադարձությունների հետ: Եթե նկատել եք, փոխվեցին նաև Ղազախստանի, Ղրղզստանի վարչապետները: Այնպես որ, եթե մի քիչ ավելի խորը նայենք, ապա պարզ կդառնա, որ վարչապետի հրաժարականն ավելի ընդհանրական խնդիր է և կապված չէ ներքաղաքական խնդիրների հետ:
Արամ Կարապետյանը, շարունակելով իր խոսքը, նշեց. «Կարծում եմ՝ Տիգրան Սարգսյանն իր գլուխը ազատեց այս քայլով, իսկ թե հետո ինչ է լինելու, դա իսկապես լուրջ խնդիր է»: Araratnews.am-ի լրագրողի այն հարցին, թե ինչ է կարծում՝ ով է հաջորդ հավանական վարչապետի թեկնածուն, Արամ Կարապետյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, ու հետաքրքիր էլ չի, ով ուզում է թող լինի, այստեղ կարևոր է, թե լինելուց հետո ինչ կանի, սա է ամենակարևոր հարցը, որը դեռևս կախված է մնում»: Ըստ Արամ Կարապետյանի` գնալով Հայաստանի վիճակը վատանում է, ու որ այս պահին գիտուն որոշումների կարիք կա:
Անդրադառնալով նորից վարչապետի հրաժարականի հնարավոր պատճառներին՝ Արամ Կարապետյանը նշեց.«Ես կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանին շատ լուրջ տեղից խորհուրդ են տվել հեռանալ վարչապետի պաշտոնից, այսինքն ես այս ամեն ինչը կապում եմ նոր աշխարհաքաղաքական վերաձևման հետ: Ղրիմից հետո աշխարհում շատ մեծ բան է փոխվել: Ու նաև ավելացնեմ, որ Քեսաբը և մնացածը ցույց են տալիս, որ հայերի վիճակը գնալով վատթարանում է և պետք է որոշակի նոր լուծումներ գտնել, իսկ այսօրվա քաղաքական էլիտայի առկայության դեպքում այդ որոշումները գտնելն անիմաստ է»,- եզրափակեց իր խոսքը Արամ Կարապետյանը:
Էմմա Պալյան