Ալավերդու ծննդատուն մտնելիս անմիջապես աչք են ծակում ցելոֆանատապատված պատուհաններն ու էլէկտրական ջեռուցիչով տաքացվող սենյակները, որտեղ իրենց նորածինների հետ մնում են մայրերը:
Ալավերդու բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը, ներկայիս շենքային պայմաններում, գործում է 1980-ականներից:
Ծննդատանը չկա կենտրոնացված ջեռուցում, անգամ վիրահատարանը բժիշկները տաքացնում են էլէկտրական ջեռուցիչով:
«Մենք փորձում ենք, որ գոնե մեր ծնունդները այստեղ չջերմեն, լավ գնան այստեղից տուն: Գալիս են ոչ միայն Ալավերդու հղիները, այլեւ Կիրովականից, Նոյմբերյանից, Սպիտակից»,-ասում է Ալավերդու մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի կանանց կոնսուլտացիայի վարիչ, բժշկուհի Ռոզա Մաճկալյանը:
Բժիշկները նշում են, որ 2 ամիս անց տեղափոխվելու են Ալավերդու նոր, բարեկարգված եւ վերանորոգված բժշկական կենտրոնը, որտեղ լինելու են բոլոր անհրաժեշտ սարքավորւմներն ու լավագույն պայմանները:
«Նոր շենքում դեռեւս չեն ավարտվել շինարարական աշխատանքները, դեկտեմբերի վերջին երեւի թե կտեղափոխվենք: Նոր ծննդատանը անպայման կշատանան մեր ծնունդները: Մեզ մոտ եւ լաբորատորիա կլինի, եւ բոլոր անհրաժեշտ պայմանները»,- ասում է Մաճկալյանը, ով 29 տարի աշխատել է Ալավերդիումˋ որպես բժշկուհի:
Նա նշում է, որ 12 տարի առաջ Ալավերդիում ունեցել են 900-ից մինչեւ 1000-ի հասնող ծնելիություն, իսկ այժմ այն կազմում է տարեկան 300-ից 400 ծնունդ: Սակայն բժշկուհին նշում է, որ լինում են նաեւ արտավոր ծնունդներ:
«Առաջ, եթե ունենում էինք արատավոր ծնունդների 9-10 դեպք, այսօր տարվա մեջ լինում է 2 կամ 3 դեպք: Հիմնականում, պտղի մոտ լինում է գլխուղեղի արատ: Այս տարի կար նաեւ մի դեպք, որ որովայնի խոռոչի կիստա կար պտղի մոտ: Մինչեւ 22 շաբաթական, եթե հայտնաբերում ենք արատը պտղի մոտ, ուղարկում ենք հղիին պաթոլոգիայի ինստիտուտ, որտեղ ընդհատվում է հղիությունը: Այս տարի այդպիսի 2 դեպք ենք ունեցել, որ հղիությունն ընդհատվել է»,-ասում է Մաճկալյանը:
Նա նշում է, որ արատը հայտնաբերելու դեպքում իրենք իրավունք չունեն այդպիսի ծնունդ ընդունել, իսկ եթե արատը համատեղելի է կյանքի հետ, ապա խորհրդակցում ենք հղի կնոջ հետ, բացատրում իրադրությունը:
Մասնագետը կարծում է, որ արատների պատճառը ոչ միայն էկոլոգիան է (քանի որ Ալավերդում գործում է պղնձամոլիբդենային գործարանը), այլեւ կապված է սեռավարակների եւ սոցիալական պայմանների հետ:
«Այդ արատների պատճառներն իմանալու համար լուրջ եւ խորը հետազոտություն է պետք, որը մենք չենք կարող անել»,-հավելում է Մաճկալյանը:
Ալավերդու ծննդատունը նոր բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո ստանալու է երկրորդ կարգ: Այն դեռեւս չի հաստատվել:
Այժմ Ալավերդու մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքից Երեւան են ուղեգրվում այն հղիները, որոնք ունեն ծանր, չբուժվող պրեկլամպսիաներ, խիստ երիկամային պաթալոգիաներ, սիրտ անոթային համակարգի հետ կապված պաթալոգիաներ, արգանդի վրա սպիներ, քանի որ այս ծննդատանն իրավունք չունեն նման խնդիրներ ունեցող հղիներից ծնունդ ընդունել:
Մաճկալյանը նշում է, որ Ալավերդիում հղիության արհեստական ընդհատման դիմելը պայմանավորված է հիմնականում սոցիալական խնդիրներով:
«Այս տարի ունեցել ենք մոտ 50 աբորտ: Մենք զգուշացնում ենք, որ պլանավորեն երեխայի ծնունդը, բայց մենտալիտետի հարց է: Չեն պաշտպանվում ու ծննդաբերությունից հետո, մի քանի ամիս անց գալիս են նորից հղի ու աբորտի են դիմում»,- ասում է Մաճկալյանը:
Նա նշում է, որ վերջին տարիներին, առանց բժշկի նշանակման, հաճախակի են տանը դեղեր օգտագործում՝ արհեստական ընդհատման համար:
«Այդ խնդիրը կա ամբողջ Հայաստանում, դրա համար ճիշտ չէ այդ դեղերի ազատ վաճառքը: Հարեւանից իմանում են, որ այդ դեղը (սայտոտեկ) շատ էժան է ու կարող են խմել: Իսկ սայտոտեկը թերի վիժում է առաջացնում եւ հղիներին ծանր վիճակում՝ արնահոսած բերում են հիվանդանոց: Այս տարի մեզ մոտ շատ վիժումներ է եղել սայտոտեկով»,- ասում է Մաճկալյանը:
Մասնագետները նշում են, որ սայտոտեկի ի հայտ գալուն պես, շատացավ տնային պայմաններում դեղամիջոցներով, հղիության արհեստական ընդհատման դեպքերը: Նրանք հորդորում են, որ հղիները դիմեն բժշկի եւ հիվանդանոցային պայմաններում գնան արհեստական ընդհատման՝ որն ավելի անվտանգ է:
Սակայն խնդիրը նրանում է, ինչպես նշում են մասնագետները, որ հղիները խուսափում են վճարել պետության կողմից սահմանված 15 հազար դրամը արհեստական ընդհատման համար եւ դիմում են ավելի էժանˋ դեղորայքային տարբերակով ընդհատման:
Լիլիթ Առաքելյան
Ալավերդու բժշկական կենտրոնի նոր շենքը, որտեղ դեռեւս շարունակվում են շինարարական աշխատանքները