տուն ժամանց Տարիների ընթացքում ավելի է ամրանում այդ կապը. Մանե Գրիգորյան (լուսանկարներ)

Տարիների ընթացքում ավելի է ամրանում այդ կապը. Մանե Գրիգորյան (լուսանկարներ)

2372
0

Հայաստանում եւ աշխարհի շատ երկրներում մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւով հռչակվել է 1993 թվականին: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի որոշմամբ մայիսի 15-ը ճանաչվել է որպես Ընտանիքի օր:

AraratNews.am-ը օրվա խորհրդի շուրջ զրուցել է հայ հայտնիների հետ:

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյան

Մանե Գրիգորյան

Այսօր շատ ընտանիքներում միմյանց հետ ժամանակ անցկացնելը հետին պլան է մղվել: Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր ժամանակը ավելի շատ ընտանիքի հետ միասին լինելու համար, եթե հաշվի առնենք աշխատանքի բերումով Ձեր զբաղվածությունը: 

Այո, զբաղվածության պատճառով երբեմն չես հասցնում ընտանիքիդ հետ այնքան ժամանակ անցկացնել, որքան ցանկանում ես, բայց ես միշտ եղել եմ չափազանց կապված իմ ծնողների հետ, նրանք էլ իմ, ու եթե անգամ մեկ օր չէի հասցնում, օրինակ, թեկուզ հեռախոսազրույց ունենալ հորս հետ, նա նեղանում էր ինձանից: Իհարկե, տարիների ընթացքում ավելի է ամրանում այդ կապը, և ուզում ես մեկ րոպե շուտ թողնել աշխատանքդ և լինես ընտանիքիդ կողքին: Ցանկացած մարդ ձգտում է շատ ժամանակ անցկացնել այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում, որտեղ սեր կա, իսկ իսկական, մաքուր, անարատ սերն ընտանիքում է, որտեղ ապահով ես քեզ զգում ու պաշտպանված:

Արթուր Գրիգորյանն ու Մանե Գրիգորյանը

Ո՞րն է ամուր ընտանիք ունենալու հիմնական գրավականը:

Փոխադարձ սերը, հարգանքը, ուշադրությունը: Ընտանիքը սիրո, հարգանքի, հանդուրժողականության, ուշադրության աղբյուր է, որի հիման վրա էլ մեր օրերում ձևավորվում է քաղաքակիրթ հասարակությունը: Ընտանիքում հատկապես կարևոր է այն, թե ինչ միջավայրում ու ընտանեկան մթնոլորտում է մեծանում երեխան: Ծնողները պետք է ամեն բան անեն, որ երեխան նրանց չտեսնի տխուր կամ նրանց կոնֆլիկտները: Ընտանիքում պետք է իշխի խաղաղությունն ու երեխան պետք է մեծանա այդ մթնոլորտում:

Մանե Գրիգորյանը մայրիկի հետ

Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր ընտանիքի հետ ժամանցը:

Անկախ զբաղվածությունից՝ շատ կարևոր է հատկացնել շաբաթն առնվազն մեկ օր ընտանիքի հետ միասին հավաքվելու համար՝ դա կլինի, օրինակ, համատեղ ընթրիք թե քաղաքից դուրս գնալ, պիկնիկ կազմակերպել՝ միևնույն է. կարևորը՝ ամբողջ ընտանիքդ, ծնողներդ, իմ դեպքում՝ եղբայրս իր ընտանիքի հետ, բոլորով լինենք ու հետաքրքիր անցնի: Ինչպես ինձ շրջապատող բոլոր մարդիկ գիտեն, ես շատ լավ ժամանց կազմակերպող եմ և սիրում եմ տարատեսակ խաղեր կազմակերպել, ֆիլմի դիտումներ, թեթև և հաճելի թեմաների շուրջ քննարկումներ և, գոնե մի քանի ժամով կտրվելով օրվա հոգսերից, բարձր տրամադրությամբ օրն անցկացնել: Ի դեպ, աղջիկս էլ ինձ նման է, ու վերջին մի քանի տարին ամեն բան նրա շուրջ է. ինքն է որոշում՝ ինչ անենք, երբ անենք: Սիրում է տանը բոլորիս մասնակցությամբ թատերական ներկայացումներ բեմադրել, և մեր ընտանիքի անդամները տարբեր կերպարներ են ստանձնում ու դառնում նրա բեմադրության հերոսները: Շատ սիրում ենք երեկոյան միասին պարել, կարաոկե միացնել ու երգել և իհարկե հայրիկիս հետ էլ միասին դաշնամուր է նվագում՝ երևի տեսել եք տեսանյութերը իմ ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում:

Մանե Գրիգորյանը՝ հայրիկի և եղբոր հետ

Ամռանը, հիմնականում, ապրում ենք ամառանոցում: Հայրս սիրում է ամբողջ ընտանիքին այնտեղ տեսնել, իսկ ամառանոցում զբաղմունքները չափազանց շատ են և մեկ րոպե անգամ չես ձանձրանում: Ի դեպ, բոլորով հաճախ ճանապարհորդում ենք ու ամեն ամառ պարտադիր մեկ կամ երկու շաբաթով մեկնում Արցախ:

Արթուր Գրիգորյանը թոռնուհու՝ Կայայի հետ

Կարանտինի լավագույն կողմերից մեկն էլ հենց այն է, որ ամբողջ օրդ ընտանիքիդ ու ամենասիրելի մարդկանց հետ ես անցկացնում, ու այն ամենը, ինչ նախկինում երանելի էր թվում, կամ ամբողջ շաբաթ սպասում էիր այդ մեկ օրվան, հիմա ամեն օր է: Շնորհավորում եմ ընտանիքի օրվա կապակցությամբ բոլոր ընթերցողներին և մաղթում ամենակարևորը՝ առողջություն, ընտանիքներում համերաշխություն, բարություն և խաղաղություն:

Մանե Գրիգորյանն իր դուստր Կայայի և եղբոր դստեր՝ Նեյայի հետ

Օլյա Շահինյան