ԿԲ կանխատեսումների համաձայն՝ 2014 թ-ին գնաճը շարունակելու է նվազել և տարվա երրորդ եռամսյակում կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքի (4% պլյուս մինուս 1.5%) ստորին սահմանին մոտ, որը պայմանավորված կլինի 2013 թվականի հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության չեզոքացմամբ: Այս մասին այսօր հայտարարեց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը: Նրա խոսքով, սակայն, տարվա երկրորդ կեսից ԿԲ-ն կթուլացնի դրամավարկային քաղաքականության պայմանները, որի արդյունքում գնաճը տարեվերջին մի փոքր կաճի ու կկայունանա իր նպատակային մակարդակի շրջակայքում (4%-ին մոտ):
Այս հաշվարկներում, սակայն, չկա Մաքսային միությանն անդամակցության ազդեցության հետևանքների գնահատումը, նախ որովհետև դեռևս հստակ չէ՝ պաշտոնապես երբ Հայաստանը կհամարվի ՄՄ անդամ, երկրորդ՝ հստակ չէ, թե մաքսատուրքերի բարձրացումը ինչ չափով լրացուցիչ գնաճ կառաջացնի: Ա. Ստեփանյանի խոսքով՝ էկոնոմիկայի նախարարությունը որպես հնարավոր առավելագույն լրացուցիչ գնաճային ճնշում նշել էր 1.5%-ը, սակայն դա այն դեպքում, եթե Հայաստանի նկատմամբ ոչ մի բացառություն չկիրառվի: Այնպես որ, ըստ Ստեփանյանի, ՄՄ անդամակցությունը էական գնաճային ճնշում չի առաջացնի: Անգամ եթե 1.5%-ի հասնի լրացուցիչ գնաճը (ինչի հավանականությունը ցածր է), թույլատրելի միջակայքից գնաճը չի անցնի: