Սեպտեմբերի 17-27-ը Տավուշում անցկացվելու է «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումը։
Աշխարհի 17 երկրների 23 նկարիչներ՝ Հայաստանը ներկայացնող նկարիչների հետ մեկտեղ, բնակվելու եւ ստեղծագործելու են Հաղարծինի «Վանատուն» հյուրանոցում։
Սիմպոզիումի գաղափարը ենթադրում է տարբեր մշակույթներ և նկարչական արվեստի ժանրեր ներկայացնող նկարիչների համատեղ շփում, հմտությունների փոխանցում և կուտակած հարուստ փորձի փոխանակում։
Իրենց երկրներում մեծ համբավ վայելող նկարիչները նաեւ հյուրընկալվելու են մարզի մշակութային կրթօջախներում, անցկացնելու են վարպետության դասեր, իրենց խորհուրդներով և փորձով օժանդակելու են ստեղծագործող երիտասարդներին։
Չի կարելի թերագնահատել նաև սիմպոզիումի զբոսաշրջային նշանակությունը։
Հայաստան ժամանած հյուրերը սիմպոզիումի պաշտոնական բացմանը նախորդող օրը շրջելու են Երևանի թանգարաններում, հյուրասիրվելու են մայրաքաղաքի լավագույն ռեստորաններում։
Հատկապես մեծ տեղ են գրավելու Հայաստանի մշակութային ժառանգությանը ծանոթացնելուն ուղղված միջոցառումները։ Սիմպոզիումի ծրագիրը նաև հնարավորություն է տալու մեր հյուրերին շրջագայելու Տավուշի մարզի լավագույն տուրիստական կենտրոններով։
«Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին` ժամը 13։00-ին, Հաղարծին վանական համալիրի տարածքում, որին ներկա կլինեն Տավուշի մարզի ղեկավարությունը, բազմաթիվ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ հյուրեր։
Միջոցառման փակումը նախատեսված է սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Իջեւան քաղաքի «Վերնատուն» պատկերասրահում, սիմպոզիումի ընթացքում ստեղծված գեղանկարների ցուցահանդեսով։
Նշենք, որ այս աննախադեպ միջոցառումը կազմակերպում են «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամը եւ Տավուշի մարզպետարանը:
Ստորև ներկայացնում ենք լուսանկարների շարք՝ Տավուշի գեղատեսիլ բնությունից: