Նման վերնագրով հոդված ես կարդացի Սաակաշվիլու մասին և մտածեցի, թե մեր նախագահը ինչո՞վ կհիշվի. վաղը կամ մի քանի օրից նա կհեռանա, ի՞նչ ենք մենք հիշելու նրանից:
Նախագահի պաշտոնամուտը հավերժ դրոշմված է հիշողության մեջ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններով: Մենք ատում էինք Ռոբերտ Քոչարյանին և հույս ունեինք, որ Սերժ Սարգսյանը կլուծի գոնե տասը զոհերի խնդիրը: Վերջին հինգ տարիների ընթացքում Մարտի մեկի էջը բացվել ու փակվել է մի քանի անգամ, վերջնական արդյունքում «2008 թ. Մարտի 1» թղթապանակը դրվեց «27 հոկտեմբերի 1999 թ.» թղթապանակի վրա: 2008-ի առաջին ինագուրացիան անցավ առանց քաղաքացիական դեմքերիˋ զինվորականների ներկայությամբ: Նա կանգնած էր Ազատության հրապարակում միայնակˋ գալիք փոփոխությունների քամու հետ:
Հարցազրույցի նախագահական ձևաչափը մեկ այլ խոսակցության թեմա է: Դա, այսպես ասած, «ոչ պաշտոնական» ձևաչափով ասուլիս է նախագահական նստավայրում, որտեղ հրավիրում են ընտրյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնք առանձնապես սուր հարցեր չեն շոշափում, սակայն դրանց տրված պատասխանները համացանցում դառնում են քննարկման թեմա առնվազն առաջիկա մեկ ամսվա ընթացքում:
Խոսքի ազատություն: Ինքնաարտահայտման և ԶԼՄ-ների ազատության մասին, Սերժ Սարգսյանը բազմիցս խոսել է՝ որպես անձնական ձեռքբերում: Ես նրա հետ համաձայն եմ: Քոչարյանի օրոք նման ազատություններ ԶԼՄ-ներում չկար: Միակ բանը, որի մասին նախագահը չի խոսում, դա այն է, որ խոսքի ազատության չափազանց մեծ չափաբաժինը բերեց լրատվական դաշտի լիակատար բարձիթողիության: Պարզ չէ, թե որն է դեղին մամուլը, որըˋ ոչ, ով է ստում, և ով չի ստում: Ցանկացած նորություն հարկե լինում կարդալ յոթ աղբյուրից, որպեսզիիրադարձության վերաբերյալ գաս ութերորդ, գուցե կրկին սխալ կարծիքի: Մեկ հիմար ԶԼՄ քար է գցում գետը, իսկ հետո… դե, գիտեք, թե ինչ է լինում հետո:
Տնտեսական արգելակ: Ինչ էլ որ դուք ասեք Քոչարյանի հասցեին, տնտեսական շարժ այն ժամանակ կար: Բանն այն չէ, որ երկնիշ տնտեսական աճը այն ժամանակ էլ էին «նկարում», այլ որ տնտեսության մեջ իսկապես փող կար, թոշակները չէին կրճատում, իսկ տատանումները նման անվերահսկելի բնույթ չէին կրում: Նոր դրամարկղային մեքենաների հետ կապված հնարքներն ու տարերային արտագաղթը հնարավորություն չեն թողնում միջին և մանր բիզնեսին: Համենայնդեպս, «Սթարի»-ի նման սուպերմարկետների ցանցը չէր փակվում:
Համր արդարադատություն: Մարդկանց քաղաքական հայացքների համար ցմահ բանտարկել են, սակայն միայն ներկայիս նախագահի օրոք մենք իմացանք, որ ընդհանուրը 35000 դրամ արժողությամբ «խոտի դեզի հրկիզման փորձի» համար կարելի է մարդկանց բանտարկել կես տարի: Նախագահական աշխատակազմին ուղղված քաղաքացիների հսկայական քանակությամբ բողոքներում նրանք խնդրում են ոչ թե իրենց նոր տարվա սնունդ ուղարկել, այլ պաշտոնանկ անել դատավորներին և դատախազներին:
- Նախագահի արտահայտությունները՝ «Ինչքան ուզենք՝ խփելու ենք», «Խիարը թարս ա աճում» և այլն, ոչնչով լավ կամ վատ չեն Քոչարյանի տատիկների մասին հեքիաթներից ու հոգնաներից: Իրականում նախագահի այդ անզգույշ արտահայտություններում ես տեսնում եմ, որ նախագահը չի կարողանում շփվել հասարակ մարդկանց հետ: Ինձ համար հավերժ կհիշվի Սերժ Սարգսյանը նրանով, որ նա երբեք ի վիճակի չի եղել և չի լինելու հանկարծակի մտնել Դրախտիկ գյուղˋ Սիրանուշ տատի մոտ թեյ խմելու, դե, զուգահեռաբար հարցնելու նրան , թե ինչպես են գործերը, և ինչպես է նա գոյատևում, ասենք, 31520 դրամով: Ցավալի է, բայց փաստ:Խոսքը սոխակ չէ, կթռնի, թող այդպես էլ թռչի հեռու: Սերժ Սարգսյանը խիստ բնավորություն ունի, և վարչական իշխանությանը նա քննադատել կարողանում է: Հաճախ ենք մենք շունչներս պահած նայել, թե ինչպես է նա չինովնիկներին ցեխը մտցնում: Հետո միշտ հաջորդել է հիասթափությունը, որովհետև Հայաստանում այդպես էլ չհաստատվեց այնպիսի կարգ, ինչպիսին մեղավորներին պատժելն էր: Սյունիքի մարզպետը անպատժելիության գագաթնակետն է իմպերատորի մոտակա շրջապատում:
Ցանկանամ՝ արևն էլ կուլ կտամ: ՄՄ մտնելու միանձնյա որոշումը հանկարծակիի բերեց: Գլոբալ առումով ես անգամ կողմ եմ, որ մենք անցնենք ռուբլու և ռուսներին տանք տնտեսության մնացած 20 տոկոսն էլ, հետո Մոսկվայից ուզենք այս կամ այն: Բայց այն, որ մեզ, ինչպես միշտ, չհարցրին՝ ապշեցնում է: Սաակաշվիլին այդպես չէր վարվի, Յանուկովիչն էլ:
Իներտություն: Նախագահն ինքն առանձնապես բարեփոխումներ չնախաձեռնեց: Բոլոր այս կենսաթոշակային և այլ բարեփոխումները ծրագրված էին նրանից առաջ: Կարմիր գծերը Երևանում չեմ համարում տրանսպորտային համակարգի բարեփոխում: Նախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները փոխվում են՝ ինչպես գուլպաներ, իսկ ռեֆորմներ այդպես էլ չկան: Բոլորը խորհրդակցում են նախագահի հետ բոլոր հարցերով: Իրենք միայնակ ոչինչ չեն կարող որոշել, անգամ Մաշտոցի պուրակի խնդիրը, մինչև չհնչեց նախագահի թևավոր արտահայտությունը. «Տարոն, սիրուն չէ»:Այս կետը թողել եմ Ձեզ համար: Դեռևս հույս ունեմ, որ Ձեր համար էլ ինչ-որ առանձնահատուկ բանով հիշվել է մեր նախագահը: Անհամբեր սպասում եմ:
P.S. Ներողություն եմ խնդրում նախագահի բոլոր բարեկամներից ու մերձավորներից այս գրառման սուբյեկտիվության համար: Ես օգտվել եմ երրորդ կետիցˋ խոսքի ազատությունը վերջապես մեր իրավունքն է, որը մենք վաստակել են Սերժ Սարգսյանի շնորհիվ: Մի վերցրեք այն մեզնից:
Արման Սուլեյմանյանի գրառումը