Այսօր Վրաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները։
Մեր աղբյուրները վկայում են, որ այս պահի դրությամբ ընտրություններն անցնում են հանգիստ հունով։ Դրանք դիտարկող հասարակական կազմակերպությունները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն արձանագրել լուրջ խախտումներ։ Բոլոր ընտրատեղամասերը բացվել են ժամանակին։ Ժամը 12-ի դրությամբ մասնակցությունը բարձր չէ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ առաջին երեք ժամերին մասնակցությունը կազմել է մոտ 10 տոկոս։
Ինչպես նշում են ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերը, հասարական֊քաղաքական կազմակերպությունների, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները, այս ընտրություններն ավելի կազմակերպված են և թափանցիկ, քան նախորդ տարի կայացած խորհրդարանական ընտրություններն էին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը Թամար Ժվանիան է, ով ներկայացնում է հ/կ սեկտորը և վայելում է քաղաքական ուժերի վստահությունը։
Տեղեկացնենք նաև, որ հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի իշխող կոալիցիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգելաշվիլին։ Սոցիոլագիական հարցումների մեծամասնության համաձայն՝ վարչապետ Բիձինա Իվանիշվիլու աջակցությունը վայելող Մարգելաշվիլին կհաղթի հենց առաջին տուրում։ Նրան հաջորդում են Միխեիլ Սաակաշվիլու՝ Միացյալ ազգային շարժման ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեն, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից Նինո Բուրջանաձեն։
Լուսանկարները՝ Araratnews.am-ի։