Բոլոր զբոսաշրջիկները, ինչպես ներքին, այնպես էլ միջազգային, ստիպված կլինեն դիմակներ կրել հյուրանոցների ընդհանուր փակ տարածքներում, ինչպես նաև պահպանել սոցիալական հեռավորությունը: Սրանք համաճարակաբանների առաջարկություններն են այն հյուրանոցների համար, որոնց թույլ է տրվել վերսկսել իրենց գործունեությունն այսօր Վրաստանում:
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլիի հայտարարությամբ` հյուրանոցների համապատասխանությունը մասնագետների առաջարկություններին կարևոր չափանիշ է զբոսաշրջային արդյունաբերությունը Վրաստան վերադարձնելու համար:
«Զբոսաշրջությունը պետք է վերադառնա շատ զգույշ և անվտանգ, քանի որ քաղաքացիների առողջությունը և վիրուսի կանխարգելումը ամենագլխավոր առաքելությունն է»,- ասել է Քվրիվիշվիլին:
Վրաստանում այսօր բացված հյուրանոցները պետք է հետևեն ու կատարեն առողջապահության նախարարության հրահանգները: Ըստ այդմ` հյուրերը պետք է դիմակներ կրեն հյուրանոցի ընդհանուր տարածքում: Հյուրանոցային ռեստորաններում սեղանների միջև պետք է լինի երկու մետր հեռավորություն: Վեցից ավելի մարդ չի կարող նստել նույն սեղանի շուրջ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սննդի օբյեկտներին, հյուրանոցային համարների, լողավազանների և այլնի մաքրությանը: