Ինչպես գիտենք, Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել իշխող՝ Վրացական երազանք ուժի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Ձայների 91%-ի հաշվարկից հետո նա ունի 62.09%: Միացյալ ազգային շարժման թեկնածու Դավիթ Բաքրաձեն ստացել է 21.09%, իսկ Ժողովրդավարական շարժման թեկնածու Նինո Բուրջանաձեն՝ 10.06%: Տեղեկացնենք նաև, որ Դավիթ Բաքրաձեն արդեն շնորհավորել է մրցակցին՝ հաղթանակի կապակցությամբ: Ինչ գնահատական են տալիս քաղաքագետները Վրաստանում անցկացված նախագահական ընտրություններին: Այս հարցի շուրջ Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:«Ես Վրաստանում չեմ եղել, հետևաբար չեմ կարող ասել, թե ինչ ձևով են անցել ընտրությունները, բայց արդյունքը սպասելի էր: Ես կարծում եմ, որ Վրաստանի համար այս ընտրություններից հետո կստեղծվի նոր քաղաքական վիճակ, նոր իշխանությունները լիովին պատասխանատվություն կկրեն արտաքին և ներքին քաղաքականության համար, և ես սպասում եմ, որ ավելի դրական զարգացումներ են լինելու»,-նշել է քաղաքագետը: Վերջինս նշել է, որ իր համար ողջունելի է այն հանգամանքը, որ պարտված թեկնածուն շնորհավորել է նորընտիր նախագահին: Araratnews.am- ի թղթակցի` ինչ փոփոխություններ են սպասվում հայ-վրացական հարաբերություններում Վրաստանի նոր իշխանությունների օրոք հարցին, քաղաքագետը պատասխանել է.«Ես կարծում եմ, որ այդ հարաբերությունները կլինեն դրական, քանի որ կարծում եմ, որ նոր իշխանությունների մոտեցումները միջպետական հարաբերություններում լինելու են բարիդրացիական: Կարծում եմ, որ Վրաստանում ձևավորված նոր իշխանությունների օրոք հայ-վրացական հարաբերություններն ավելի լավ կլինեն»,-եզրափակել է Սերգեյ Մինասյանը:
Էմմա Պալյան