տուն Քաղաքական Հայաստան Վճարովի դպրոցների հարցը դեռ քննարկման փուլում է. Ժաննա Անդրեասյան

Վճարովի դպրոցների հարցը դեռ քննարկման փուլում է. Ժաննա Անդրեասյան

409
0

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի առանցքում ուսումնական տարվա ավարտի կազմակերպումը և ընդունելության գործընթացն էր:

Փոխնախարար Ժաննա Անդրասյանը պատասխանեց նաև լրատվամիջոցների հարցերին։

Araratnews.am լրատվականի հարցն այսպիսին էր.

Հեռավար ուսուցումը ակնհայտ ցույց է տալիս, որ ինչքան էլ ջանք թափեն ուսուցիչն ու աշակերտը, կրթության արդյունքը հաստատ նույնը չի լինի, ինչպես դպրոց հաճախելիս: Այս դեպքում պետությունը վճարում է հանրակրթական դպրոցի ուսուցչի աշխատավարձը: Իսկ մասնավոր դպրոցներում ուսուցչի աշխատավարձը գոյանում է ծնողների վճարումներից: Մասնավոր ուսումնական հաստատությունների ուսուցիչները դարձյալ հեռավար են անցկացնում դասերը, և ծնողը ստիպված է իր երեխայի թերի ուսուցման համար վճարել: Արդյոք սա անարդար չէ, և կառավարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որ չտուժեն մասնավոր դպրոցի ինչպես ուսուցիչները, այնպես էլ ծնողները:

ԿԳՄՍ փոխնախարարը հարցի առնչությամբ ասաց. «Մասնավոր դպրոցներում իրավիճակները տարբեր են: Եվ հեռավար ուսուցման անցնելու գործընթացը տարբեր կերպ է ընթացել: Ունենք մասնավոր դպրոցներ, որտեղ գործընթացը շատ հարթ է ընթացել և ամբողջությամբ և գրեթե ծածկել են առկա ուսուցման ծավալներն ու ժամանակահատվածը, որ պետք է լիներ: Կան մասնավոր դպրոցներ, որտեղ գուցե, այո, եղել են խնդիրներ: Մենք ստացել ենք այս ընթացքում դիմումներ և նաև փորձել ենք քայլեր ձեռնարկել հասկանալու, թե ինչքանով կարող են այս խմբի հաստատությունները նույնպես ներառված լինել: Այս օրերին կառավարության կողմից ներկայացված մի շարք աջակցության ծրագրերում այս հարցը դեռևս քննարկման փուլում է, և կարծում ենք, որ դրա կարգավորման ճիշտ եղանակը առաջին հերթին հաշվի առնելով, որ դպրոցների և ծնողների միջև կնքվում են պայմանագրեր, նախ այս երկկողմ հարաբրությունների կոնտեքստում պարզելն է»:

Ինչ վերաբերում է պետության աջակցության հնարավորությանը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ սա առանձին հարց է, որը կքննարկվի այս շրջանում:

Հայկ Մագոյան