Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ՝ 51-ամյա Խաչատուր Դավթյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 6-ին Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո։ Այս մասին գրում է shamshyan.com-ը՝ հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ըստ աղբյուրի հայտնած տեղեկության՝ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են՝ ЗИЛ-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 35-ամյա Ռաֆիկ Ալեքսանյանը, Opel մակնիշի 35 RՍ 226 համարանիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Սևակ Վարդանյանը, իսկ Opel մակնիշի 36 AՏ 469 համարանիշի ավտոմեքենան վարել էր Խ. Դավթյանը։ Վթարի հետևանքով Ռ. Ալսանյանը, ուղևոր՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 32-ամյա Աղաբեկ Աբրահամյանը, Խ. Դավթյանը, ուղևորուհի՝ Արագած գյուղի բնակիչ, 47-ամյա Սուսաննա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ինչպես գրում է աղբյուրը՝ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ЗИЛ-ի վարորդ Ռ. Ալեքսանյանն աշխատում է ոստիկանության Արմավիրի բաժանմունքում՝ որպես համայնքային ոստիկանության տեսուչ, կոչումով ավագ լեյտենանտ է, իսկ վիրավոր Ա. Աբրահամյանը՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ դասակի ավագ ոստիկան, կոչումով ոստիկանության ենթասպա է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում ЗИЛ մակնիշի 20 OL 926 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel Zafira մակնիշի 36 AՏ 469 համարանիշի ավտոմեքենային, այն վերածել մետաղե ջարդոնի, ապա առաջ էր ընթացել, բախվել մեկ այլ Opel մակնիշի 35 RC 226 համարանիշի ավտոմեքենայի և առաջ ընթանալով՝ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
Մանրամասները՝ տեսանյութում