Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը արտագաղթի ռիսկեր չի տեսնում «ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի վավերացման մեջ:
«Չեմ կարծում որ այս որոշումը մեծ ռիսկեր է առաջացնում արտագաղթի համար, քանի որ վիզաների պարզեցման ռեժիմը այն կատեգորիաների մարդկանց համար է, որոնք մշտապես գնում-գալիս են արտասահման: Իսկ նրանք, ովքեր հարազատներ ունեն եվրոպական երկներում, ֆինանսապես երաշխավորվում են իրենց հարազատների կողմից եւ, մեծ հաշվով, գնում են ու ետ վերադառնում»,- Araratnews-ին ասում է Խառատյանը:
Նա նշում է, որ այժմ քննարկումներ են ընթանում միջպետական համաձայնագրեր հաստատելու առանձին եվրոպական երկրների հետ:
«Բացի այդ, Հայաստանը պարտավորություններ է ստանձնում եվրոպական երկներում գտնվող անլեգալների` ետդարձի համար պայմաններ ստեղծելու առումով: Մեծ քննարկումներ են գնում նաեւ այդ ուղղությամբ, քանի որ Եվրոպայում բազմաթիվ անլեգալ հայրենակիցներ կան եւ նրանց դեպորտ են անում: Հայաստանը սկզբունքայնորեն պետք է նրանց ետդարձի համար աշխատանքներ կատարի ու պայմաններ ստեղծի»,-հավելում է Խառատյանը:
Հիշեցնենք, որ վիզաների պարզեցման մասին համաձայնագիրը վավերացվել է երեկ Ազգային Ժողովի քառօրյայի մեկնարկին` 108 պատգամավորի միաձայն «կողմ» քվեարկությամբ: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վավերացումից մեկ ամիս անց:
Դյուրացված կարգով Շենգենյան վիզա կկարողանան ստանալ պետական պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները, ուսանողները, ԵՄ երկրներում մերձավոր բարեկամներ ունեցողները, կրթական, մշակութային, ակադեմիական, բուժման, գիտական նպատակով ԵՄ այցելողները, լրագրողները, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցներն եւ այլոք:
Ուսանողների, թոշակառուների, հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց ուղեկցողների, մինչև 12 տարեկան երեխաների, հետբուհական կրթություն ստացող անձանց, լրագրողների ու այլ խմբերի համար՝ վիզան կլինի անվճար, մյուսները կվճարեն զգալի զեղչերով: