Կառավարության հինգշաբթի օրվա նիստում կհաստատվի Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր II — Փուլ 3 — Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի իրականացման ֆինանսավորման համաձայնագրին (15 մլն եվրո արժողությամբ):
«Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր II — Փուլ 3 (ԵՄ ՀՆԳ-ի բաղկացուցիչ) — Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի 15 մլն եվրո արժողությամբ իրականացման ֆինանսավորման համաձայնագիր:
Ծրագիրը նախատեսված է իրականացնել 3 փոխկապակցված փուլերով, որոնց ամբողջական իրականացման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել ծրագրի թիրախների լիարժեք կատարումը:
Ծրագրի 1-ին փուլը արդեն իսկ ավարտվել է, իսկ 2-րդ փուլը դեռևս գտնվում է իրականացման ընթացքում: Բարեփոխումների շարունակությունն ապահովելու նպատակով KfW բանկի հետ հստակեցվել են նաև ծրագրի 3-րդ փուլի ծավալները:
Մասնավորապես պետք է նշել, որ 3-րդ փուլի իրականացումը թույլ կտա ավարտին հասցնել Վանաձոր և Գյումրի քաղաքների ջրամատակարարման ներքին և արտաքին ցանցերի լիարժեք վերականգնումը` ապահովելով այնտեղ շուրջօրյա որակյալ ջրամատակարարում, իրականացնել Լոռու և Շիրակի մարզերի` ընկերությունների սպասարկման տարածքներում գտնվող այլ համայնքներում առկա հրատապ աշխատանքները` կապված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգման հետ` ապահովելով ջրամատակարարման տևողության էական ավելացում` ներկայումս առկա 4-6 ժամյա ջրամատակարարման տևողության համեմատ:
Արմավիրի տարածաշրջանը գտնվում է համաճարակի առաջացման բարձր ռիսկային գոտում, ինչի արդյունքում խիստ անհրաժեշտություն է առաջացել կեղտաջրերի մաքրման կայան կառուցելու համար:
Բացի այդ, նախկինում վարկային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված ջրաչափերի մեծ մասի ստուգաչափման ժամկետը լրացել է կամ մոտենում է ավարտին: Նպատակահարմար է գտնվել ջրաչափական սարքերի ձեռք բերման և տեղադրման ծախսերի իրականացման հարցին նույնպես անդրադառնալ ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում:
Առաջին անգամ Հանարապետությունում ներդրումային ծրագիր է նախատեսվում նաև ՀՀ կառավարության գերակա խնդիրների ցանկում ընդգրկված ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքից դուրս գտնվող համայնքներում (560 գյուղերում)` 10 մլն եվրո ֆինանսավորմամբ:
Ծրագրի 3-րդ փուլի ընդհանուր արժեքը գնահատված է 73 մլն եվրո, այդ թվում` վարկ Վերականգնման վարկերի բանկից (KFW) 30 մլն եվրո, դրամաշնորհ KFW-ից` 2.5 մլն եվրո, վարկ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ) 25.5 մլն եվրո, ԵՄ/ՀՆԳ դրամաշնորհ` 15 մլն եվրո: Նշենք, որ վերջինս տրամադրվելու է KFW-ի միջոցով:
KFW-ի հետ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերն արդեն իսկ ստորագրվել են 2013 թվականի դեկտեմբերին: Իսկ ԵՆԲ-ի հետ ֆինանսական պայմանգրի նախագիծը դեռևս գտնվում է բանակցություննների փուլում»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ: