տուն Լուրեր «Վերջին տարիներին աճել են տնային պայմաններումˋ հղիության ընդհատման դեպքերը». Չարենցավանի ծննդատուն

«Վերջին տարիներին աճել են տնային պայմաններումˋ հղիության ընդհատման դեպքերը». Չարենցավանի ծննդատուն

268
0

_MG_8704

Վերջին տարիներին Չարենցավանում նվազել են սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեպքերը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասում է Չարենցավանի առաջին կարգի բժշկական կենտրոնիˋ մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանամունքի մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Պռազյանը:

«Նախկինում այդ խնդիրը ավելի լայն տարածում ուներ, վերջին մեկ, երկու տարվա ընթացքում սեռի ընտրությամբ հղիությունների ընդհատումները բավականին քչացել են: Եթե նույնիսկ իմանում են, որ իրենց ուզած սեռը չի ծնվելու, մայրերի  60-70 տոկոսը, համենայն դեպս, շարունակում են իրենց հղիությունը»,-ասում է Պռազյանը:

Մանկաբարձ-գինեկոլոգի հավաստմամբˋ վերջին տարիներին աճել են արհեստական ընդհատումները տան պայմաններումˋ դեղորայքային միջոցներով:

«Կանայք, մեկը մյուսից լսելով՝ հիմնականում սայտոտեկ են օգտագործում: Դա մատչելի է գնային տեսանկյունից, կան ավելի թանկարժեք դեղորայքներ, բայց չեն օգտագործում՝ գնի պատճառով: Սայտոտեկի մեկ հաբն արժե մոտ 200 դրամ: Հետո սկսում են մեծ քանակով խմել այդ դեղերը, ինչը չի կարելի, դա հատուկ չափաքանակ ունի օգտագործման: Ու բնականաբար բացասական ազդեցություն է գործում ոչ միայն հղիության ընդհատման հետ կապված, այլեւ ամբողջ օրգանիզմով մեկ: Չէ որ դեղորայքը ներծծվում է արյան մեջ  եւ տարածվում է ամբողջ օրգանիզմով ու քայքայիչ, տոքսիկ ազդեցություն թողնում»,-հավելում է Պռազյանը:

Նա նշում է, որ իր մասնագիտական պրակտիկայում ամսվա մեջ գրեթե 2 դեպք լինում է, որ դեղերը օգտագործած ու բարդություններով հղիները գալիս են իր մոտ:

«Հիվանդանոցում կա 4 բժիշկ , ամեն մեկի մոտ 1-2 դեպք լինում է ամսվա մեջ: Լինում է նաեւ որ արյունահոսությամբ են բերում հղիին այդ դեղերի օգտագործման հետեւանքով: Լավ կլիներ, որ հեռուստատեսությամբ լայն տարածում գտնեին այն բժշկական հաղորդումները, որոնք որ բացատրեին  դրանց բարդությունների մասին»,-հավելում է Պռազյանը:

Չարենցավանի մանակաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքից ուղեգրում են Երեւան հիմնականում այն հղիներին, որոնց մոտ սկսվում է վաղաժամ ծննդաբերություն կամ առկա են որոշ պաթոլոգիաներ, որի դեպքում անհրաժեշտ են ավելի բարձր սարքավորումներ եւ նեղ մասնագիտացված մասնագետներ:

«Մենք չունենք անհաս նորածինների համար համապատասխան կյուվեզներ, որ ապահովված լինեն արհեստական շնչառության ապարատներով: Եվ անհասներինˋ մինչեւ 37-38 շաբաթական ծնված երեխաներին, որոնք որ ի վիճակի չեն առանց այդ պայմանների գոյատեւելու, ստիպված ենք նախապես, մինչեւ ծննդաբերությունը, հղիին ուղեգրել Երեւանˋ համապատասխան հիվանդանոցներ, որոնք ապահովված են ավելի բարձր եւ համապատասխան սարքավորումներով նորածինների համար»,-նշում է Պռազյանը:

Չարենցավանի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը չունի նաեւ արյան բանկ եւ օգտվում է Հրազդանի բժշկական կենտրոնի արյան բանկից, որը հեռավորության առումով ամենամոտն է գտնվում Չարենցավանին:

Լիլիթ Առաքելյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here