Ամերիկյան պետականության գլխավոր խորհրդանիշներից մեկի` ԱՄՆ կոնգրեսի շենքը, որը գտնվում է Կապիտոլիում բլրի վրա, կվերանորոգվի: Ավելի ճիշտ վերանորոգվելու է նրա հսկայական գմբեթը, որի վրա կանգնած է վեց մետր բարձրություն ունեցող ազատության արձանը: Այն չի վերանորոգվել վերջին կես դարի ընթացքում, և նման անհրաժեշտություն է առաջացել ավելի քան հազար ճեղքեր հայտնաբերելուց հետո:
Շենքի ճարտարապետ Սթիվեն Այերսն ասել է, որ չնայած տարածված այն կարծիքին, որ գմբեթը մարմարից է, այն կառուցված է երկաթից և ներկված է շենքի գույնով: Այս ընթացքում այն ժանգոտել է, ասել է ճարտարապետը և նշել է, որ 150 տարի առաջ նման բարձր շինություն այլ կերպ հնարավոր չէր կառուցել:
Հայտնի է, որ Կապիտոլիումի առաջին քարը դրվել է 1793 թվականին նախագահ Ջորջ Վաշինգտոնի կողմից: Այն բազմիցս վերակառուցվել է, այրվել է 1814 թվականին անգլիացիների հետ պատերազմում, այնուհետև կրկին վերակառուցվել: Իր վերջնական տեսքն այն ստացել է 1960 թվականին: Կոնգրեսի գմբեթի բարձրությունը կազմում է 88 մետր: