Վայոց Ձորի բնակիչ 54-ամյա Իշխան Զաքարյանը Ռուսաստանում 3 տարի արտագնա աշխատանքի մեկնելուց հետո մշտապես վերադարձել է հայրենիք:
Հայաստանում ցածր աշխատավարձ ստանալու պատճառով, մասնագիտությամբ էլեկտրիկ Իշխան Զաքարյանը արտագնա ախատանքի էր մեկնել Ռուսաստան եւ աշխատել Մագինսկ, Ռյազան քաղաքներում:
«Վերջին տարում վճարը քիչ էր, իմ հետ աշխատող ռուսը ստանում էր 60 հազար ռուբլի, ես 25 հազար, իսկ ինձ ապրելու համար դա չէր հերիքում: Նախկին տարիներին ես ավելի շատ եմ ստացել 40-45 հազար ռուբլի եւ մնալու համար լավ էր, այստեղի համեմատ էլ շատ էր»,-ասում է Զաքարյանը:
Նա Հայաստան է վերադարձել փաստաթղթային հարցերը կարգավորելու նպատակով, բայց որոշել է այստեղ մնալ և փոքր բիզնես հիմնել Վայոց ձորի «Միգրացիոն ռեսուրս կենտրոնի» խորհրդատվության շնորհիվ:
«Ես որ եկա, հանդիպեցի զբաղվածության կենտրոնում աշխատողներին ու հիմա մտածում եմ, որ իմ այստեղ մնալը ավելի ձեռնտու կլինի, քան գնամ Ռուսաստանում աշխատեմ: Այստեղ կենցաղային սպասարկման կենտրոն եմ ուզում բացել, որի կարիքը իսկապես կա: Հիմա որ հաշվարկ եմ անում 100-150 հազար եկամուտ կստանամ ամսական: Ավելի լավ է այստեղ գործունեություն ծավալել, այստեղ աշխատել, տարիքս էլ այնպես է, որ չեմ կարող գնալ մնալ նորից Ռուսաստանում»,-ասում է Վայոց Ձորի բնակիչը, ով ապրում է 3 երեխաների, կնոջ եւ ծնողների հետ: