Ինչպես հայտնի է, Իտալիայի Վենետո մարզում, որի մեջ են մտնում այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Վենետիկը, Վիչենցան, Վերոնան, Տրեվիզոն, Պադուան, Բելլունոն և Ռովիգոն, մարտի 16-ին մեկնարկել էր հանրաքվե՝ Իտալիայի կազմից դուրս գալու կապակցությամբ։
Այսպես, քիչ առաջ հայտնի է դարձել, որ մարզի բնակիչները համացանցային հանրաքվեում կողմ են քվեարկել Իտալիայի կազմից դուրս գալուն։ Հանրաքվեին մասնակցած ընտրազանգվածի 89%-ը (2 միլիոնից ավելի մարդ) պաշտպանել է «Վենետոյի Հանրապետություն» ստեղծելու գաղափարը։ Այս մասին տեղեկացնում է Libero Quotidiano-ն։
Էլեկտրոնային քվեարկության նախաձեռնողներն այս կապակցությամբ հայտարարել են Իտալիայից անջատվելու գործընթացի մեկնարկի մասին։ Բացի այդ, այժմ մշակվում է պաշտոնական մակարդակով հանրաքվե անցկացնելու նախագիծը։
Նշենք, որ Վենետո մարզի բնակչությունը կազմում է 4,8 միլիոն մարդ։ Վենետիկի Հանրապետությունը գոյություն է ունեցել 7-րդ դարի վերջից մինչև 18-րդ դարի վերջը։ Ժամանակին այն եղել է հզոր պետություն։
Հիշեցնենք, որ այս տարի հանրաքվեներ են կազմակերպվելու Կատալոնիայում և Շոտլանդիայում։