Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց՝ դրանով ցնցելով քաղաքական դաշտը: Բոլոր տրամաչափի վերլուծաբաններն ու քաղաքագետները, բոլոր քաղաքական գործիչները քննարկում են թե՛ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դրդապատճառները, թե՛ ապագա վարչապետի ով լինելը:
Տիգրան Սարգսյանը փաստացի ձախողեց իր վրա դրված բոլոր խնդիրները: Եթե չհաշվենք, որ նրա օրոք Երևանում երկու «Մոլ» բացվեց, երեք «Սուպերմարկետ», ու համարենք դա ձեռքբերում՝ ինչ խոսք, դժգոհելու առիթ չենք ունենա:
Տիգրան Սարգսյանի կառավարության վերջին ձախողումը «Պարտադիր Կուտակային կենսաթոշակային»-ի մասին օրենքն էր, որի շատ դրույթներ, ինչպես արդեն գիտենք, Սահմանադրական Դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչվեցին:
Որպես Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառներ` հիմնականում նշվում են Կենսաթոշակայինի ձախողումն ու «Հրաշալի քառյակի» պահանջները:
Հիշենք, որ «քառյակը» հայտարարել էր ապրիլի 28-30-ը շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել` պահանջելով վարչապետի հրաժարականը:
Այսպիսով` Սերժ Սարգսյանը վիժեցրեց հնարավոր հանրահավաքային տրամադրությունները: ԲՀԿ-ի նախաձեռնած բազմաթիվ ծրագրեր էլ սառեցվել են, ինչպես օրինակ «Երիտասարդների արագ արձագանքման շտաբը» և այլն:
Ստացվում է, որ մի քայլով Սերժ Սարգսյանը համ փորձեց ոչնչացնել հակաիշխանական կոնսոլիդացիան, համ ցույց տալ, որ ժողովրդի կողմից մերժված օրենքի հեղինակը ստացավ իր պատիժը:
Իսկ թե այս ձախողումների համար երբ է արդեն նախկին վարչապետը քրեական պատասխանատվության ենթարկվելու՝ դեռ պարզ չէ:
Մնում է ուշադիր հետևել, թե Տիգրան Սարգսյանին սպասարկող կայքերը, քաղաքական մանր խմբակներն ու հիմնադրամներն ինչ ճակատագիր կունենան:
Արմեն Մկրտչյան