«Իրավապահները պետք է զբաղվեն այդ հայտարարությամբ, ինչքան գիտեմ՝ զբաղվում են»,- այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանի հետևյալ հայտարարության մասին. Փաշինյանն իրեն առաջարկել է գումար վճարել հիմնադրամներից մեկին եւ դրա փոխարեն ազատվել քրեական պատասխանատվությունից:
Վարչապետն ասաց, որ չի առանձնացնում իր հրապարակային եւ ոչ հրապարակային հայտարարություններն իրարից հատկապես կոռուպցիայի դեպքում:
Ինչ վերաբերում է մաքսանենգ ծխախոտ Հայաստանից արտահանելուն եւ դա վարչապետի աներորդուն վերագրելուն, կառավարության ղեկավարն ասաց, որ Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել: «Ուրախ եմ, որ տեղի կունենա հատկապես հրապարակային դատական պրոցես, ու այդ հարցին ոչ թե ես կպատասխանեմ, այլ հանրությունը հնարավորություն կունենա տեսնելու, լսելու պատասխանները»,- ասաց վարչապետը:
ՀՀ մաքսային մարմինները, Նիկոլ Փաշինյանի խոսքով, խախտում թույլ չեն տվել, արտոնյալ վիճակ չեն ստեղծել: