ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից առաջ խոսեց երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմի մասին: «Երբ օգոստոսի 16-ին, հաշվի առնելով բոլոր զանգերը, մտահոգությունները, կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների հետ խորհրդակցություն անցկացվեց, տրվեց հանձնարարականներ ԱԱԾ-ին, ոստիկանությանը, մարդկայնորեն չէի կարող հավատալ, որ այս թեմայով կլինեն կոնկրետ բացահայտումներ»,- մանրամասնեց վարչապետը:
Նա հիշեցրեց անմեղության կանխավարկածը, բայց եթե այդպիսի գործողություններ են եղել, կասկածելու հիմքեր կան:
Վարչապետը հարցրեց Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանին եւ խնդրեց տեղեկություն հայտնել: «Երկու շաբաթ առաջ ձերբակալվել էր եւս մեկ անձ, որին մեղադրանք էր առաջադրվել: Ապացույցները բավարար են, որ մեղադրանք առաջադրվի նրանց»,- պատասխանեց ՔԿ ղեկավարը:
ՔԿ ղեկավարը հիշեցրեց՝ 2012 թվականից առայսօր առգրավվել են բոլոր փաստաթղթերը, կան ցուցմունքներ, որոնք մերկացնում են հանցանքը կատարողներին: «Մոտ օրերս կառաջադրվեն մեղադրանքներ, կընտրվի խափանման միջոց»,- մանրամասնեց ՔԿ ղեկավարը:
Վարչապետն ասաց, որ պետք է գործն ամբողջապես քննվի, բացահայտվի իր մետաստազներով: «Շատ դեպքերում ահազանգերը երբեմն ոչ այդքան ադեկվատ էին, էմոցիոնալ պոռթկումներ էին, սակայն հիմա, երբ հետադարձ նայում ես, գուցե մեր գնահատականը ճիշտ չէր: Գուցե այդ էմոցիաները փաստերից են սնվել: Բոլոր այս դեպքերը պետք է քննվեն հատ առ հատ, որ փարատվի ընտանիքների կասկածը, փակենք ՀՀ-ի այս ամոթալի էջը»,- ասաց կառավարության ղեկավարը: