Հայտնի է, որ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտային նոր ցանցում կլինեն նաև 101 տրոլեյբուս: Չնայած իր մի շարք դրական կողմերին (թեթև և անաղմուկ ընթացք, էլեկտրական քարշ, մթնոլորտն աղտոտող գազերի բացակայություն), արդյոք ճիշտ է 101 տրոլեյբուս ներմուծելն ու այն հանրային տրանսպորտ դարձնելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք մեծ են չափերով եւ իրենց մանեւրայնությամբ զիջում են ավտոբուսներին, բացի այդ, տրոլեյբուսներն աշխատում են հոսանքով, որի բացակայության դեպքում հոսանքազրկված տրանսպորտի այդ միջոցը կավելացնի խցանումներն ու կդժվարացնի երթեւեկությունը:
Խնդրի մասին Araratnews.am-ը զրուցեց տրանսպորտային նոր ցանցի աշխատանքային խմբի անդամներ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի առաջին տեղակալ, պրոռեկտոր Եղիազար Վարդանյանի, ՀՀ փոխադրող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տրանսպորտային միջոցների ամբիոնի տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հենրիկ Քոչինյանի հետ:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոռեկտոր Եղիազար Վարդանյանը մեր հարցին գրավոր է պատասխանել. «Տրոլեյբուսային երթուղիներն իրենց շարժակազմով համարվում են տրանսպորտային նոր ցանցի
բաղկացուցիչ մասը, իսկ նոր ցանցով նախատեսվում է էականորեն կրճատել շարժակազմի քանակը և տարեկան վազքը, երթուղիների երկարությունը և քանակը: Իմ կարծիքով՝ նոր ցանցի ներդրումը կբարելավի ուղևորափոխադրումների որակը, կնվազեցնի վնասակար արտանետումները, և միանշանակ դրական մեծ ազդեցություն կունենա ճանապարհային երթևեկության վրա, կնվազեցնի խցանումները»:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տրանսպորտային միջոցների ամբիոնի տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հենրիկ Քոչինյանն էլ կարծում է՝ պետք է խնդիրը համակողմանի դիտարկել. մինչ ավտոբուսներ կամ տրոլեյբուսներ բերելը պետք է երթեւեկության կազմակերպման, խցանումների հարցը լուծել կամ գոնե պատկերացնեն՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն տրանսպորտային նոր ցանցը գործարկելուց հետո անհարմարություններից խուսափելու համար, հակառակ դեպքում երթեւեկությունը կդժվարանա, խցանումներն էլ կավելանան:
Տեխնիկական գիտությունների թեկնածուն հիշեցրեց միջազգային փորձագետների կարծիքը, ըստ որի՝ հանրային տրանսպորտի համար առանձին «գիծ» կարելի է հատկացնել, արգելել այդ գծով այլ մեքենաների երթեւեկությունը: «Բայց մեր փողոցների թողունակությունը բավական ցածր է: Եթե մենք այդ տարբերակով գնանք, ապա խցանումները կշատանան»,- ասաց պարոն Քոչինյանը:
Մասնագետը ճիշտ է համարում տրոլեյբուսների ներկրումը՝ որպես հանրային տրանսպորտի միջոց: Այն էկոլոգիական տեսակետից լավ տրանսպորտային միջոց է, բացի այդ՝ Հայաստանն էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի, որը կարող է օգտագործել տրոլեյբուսների շահագործմամբ:
Հենրիկ Քոչինյանը, սակայն, ենթադրում է՝ տրոլեյբուսներին նոր հաղորդալարեր ու կոնտակտային ենթակայաններ են պետք, որովհետեւ եղածները հին են, չեն դիմանա նոր հոսանքի հզորությանը:
ՀՀ փոխադրող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը եւս ճիշտ է համարում տրոլեյբուսների ներկրումը: Ինչ վերաբերում է խցանումներին, ապա տրանսպորտային նոր ցանցը նախատեսում է ճանապարհային նոր քարտեզ: «Կառանձնացվի առանձին շարք հանրային տրանսպորտի համար, հետևաբար՝ հանրային տրանսպորտը խցանումների հետ կապ չի ունենա»,- պատասխանեց փոխադրողների միության նախագահը:
Հրանտ Եղիազարյանի կարծիքով՝ տրոլեյբուսները քաղաքի էկոլոգիան մաքուր պահելու համար ճիշտ տրանսպորտային միջոց են: Իսկ եթե հանկարծ հոսանքազրկում լինի, նոր տրոլեյբուսները, նրա տեղեկացմամբ, կունենան դիզելային շարժիչ, որի շնորհիվ կաշխատեն նաև դիզվառելիքով: «Բայց եթե ես լինեի, ցանկալի կլիներ մի փոքր թանկ վճարել, ավտոբուսների փոխարեն էլ էլեկտրամոբիլներ բերել քաղաքի մաքրության համար»,- մանրամասնեց ՀՀ փոխադրողների միության նախագահը:
Արդյոք տրանսպորտային նոր ցանցի գործարկումից հետո տրոլեյբուսի ուղեվարձը կլինի 50 դրամ: Հրանտ Եղիազարյանը կարծում է՝ դեռ վաղ է տրանսպորտի ուղեվարձի արժեքից խոսելը:
Հարց է առաջանում՝ արդյոք տրանսպորտային նոր ցանցի գործարկվելուց հետո վարորդները կերթեւեկեն իրենց մեքենաների համար նախատեսված շարքերով, խախտումներ չեն անի, միմյանց շարքեր չեն ներխուժի: Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ տրանսպորտային նոր ցանցի ներդրմանը զուգահեռ՝ օրենսդրական փոփոխություններ կատարել, «գրպանին խփելով» երթեւեկության կարգապահություն պաշտպանել, սահմանափակել տաքսիները: «Ամեն ինչ պետք է լիմիտ ունենա: Ժողովրդին բրախել են, ասում են՝ գնացեք ձեր գլուխը պահեք, այդպես ճիշտ չէ»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, տրանսպորտային նոր ցանցով նախատեսվում է վարորդներին վճարել սպասարկվող երթուղային գծի կիլոմետրով, ոչ թե ուղեւորի քանակով: Հրանտ Եղիազարյանի նախնական հաշվարկներով՝ վարորդը կստանա 200-250.000 դրամ միջին աշխատավարձ, հետեւաբար՝ վարորդի համար տարբերություն չի լինի, քանի ուղեւոր կտեղափոխի: Սրանից կշահեն նաև ծայրամասերում ապրողները, որոնք հատկապես երեկոյան ժամերին տուն հասնելու խնդիր չեն ունենա: Բայց նոր ցանցի գործարկումից հետո ուղեւորները մի կետից մյուսը մի փոքր երկար ժամանակում կհասնեն, քանի որ հնարավոր է՝ մի քանի անգամ տրանսպորտային միջոց փոխեն, թեեւ դրա համար կվճարեն մեկ անգամ:
Սոնա Դավթյան