Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված Վարդան Պետրոսյանը գտնվում է ձերբակալվածի կարգավիճակում, բայց գտնվում է ոչ թե ԿՊԶ-ում, այլ՝ հիվանդանոցում: Այս մասին Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշել է, որ երեկ տեսակցել է «Սթրես» կենտրոնում գտնվող Վարդան Պետրոսյանին, հայտնել, որ նրա փաստաբանն է: Դերասանի վիճակը համեմատաբար լավ է, չգիտեն դեռ ինչքան կմնա այդ կենտրոնոմ: «Իր առողջական վիճակը դեռեւս թույլ չի տալիս, որ ինքը ինքնուրույն շարժվի, ինքնուրյուն չի կարող ոչինչ անել՝ հաց ուտել, զուգարան գնալ, դժվարանում է: Պետք է կողմնակի օժանդակություն լինի, որովհետեւ կենսական օրգան է հեռացվել, վերականգնման համար որոշակի ժամանակ է պահանջվում»,- նշել է Նիկոլայ Բաղդասարյանը:Նա ավելացրել է, որ Վարդան Պետրոսյանն արդեն կասկածյալ է եւ գտնվում է ձերբակալվածի կարգավիճակում, ոստիկանները հսկում են նրա հիվանդասենյակը: Փաստաբանը ասել է, որ նրա ձերբակալման որոշումը ապօրինի է, քանի որ այն չի բխում օրենքից, օրենքով նախատեսված երկու կետերը՝ գտնվելու վայրը հայտնի չէ կամ գտնվում է այլ տեղանքում, բացակայում են: Քննիչի կողմից կայացրած ձերբակալման որոշումը պատճառաբանվում է, թե Վարդան Պետրոսյանը ցանկացել է ցուցմունք տալ փաստաբանի ներկայությամբ, կամ փաստաբանի անունը չի հիշել, մինչդեռ Նիկոլայ Բաղդասարյանի հետ պայմանագիր է կնքել դերասանի քույրը, եւ նորմալ է, որ այդ առողջական վիճակում նա չի հիշել փաստաբանի անունը՝ ասել է, թե «քույրս կգա, կասի»: «Սուտ է, թե նախաքննական մարմինը չգիտեր ով է նրա փաստաբանը, ես անձամբ եմ գնացել իր մոտ, պատճենել Վարդան Պետրոսյանի անձնագիրը, տվել իմ այցեքարտը, հեռախոսահամարները»,- ասել է նա:
Իսկ թե ինչ կլինի նրա ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո, կկալանավորե՞ն առանց փորձաքննության եզրակացության, թե ոչ, Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ նման իրավիճակում ստիպում են փորձագետին արագ եզրակացություն տալ, մինչդեռ պետք է հարցաքննեին Վարդան Պետրոսյանին, այդ տվյալները ներկայացնեին փորձագետին, որպեսզի կարողանան պարզել, թե ինչ է եղել, իսկ այսպես միայն մեկ կողմի ցուցմունքներն է ներկայացվել փորձագետին: «Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը հնարավորություն չի տալիս երկարատեւ քննչական գործողության մասնակցելու, նա 7 օր ժամանակ էր խնդրել քննիչից, որպեսզի ապաքինվի եւ կարողանա ցուցմունք տալ»,- նշել է Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ ինքը եւս միջադեպի մասին դեռ չի խոսել իր պաշտպանյալի հետ, քանի որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս:
Ձերբակալման որոշումը փոխելու վերաբերյալ փաստաբանի բողոքին դատախազը պետք է պատասխանի եռօրյա ժամկետում, թեեւ հնարավոր է ավելի վաղ եւս պատասխան ստացվի:
Էմմա Պալյան