Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշում է, որ Վճռաբեկ դատարան դեռեւս չեն դիմել:
«Բողոքը կազմվել է, սակայն դեռ չենք դիմել: Խնդիրն այն է, որ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ կար որոշակի քաղվածք, որը վերցված է Եվրոպական դատարանի որոշումից։ Այն ընդհանրապես այս գործի հետ կապ չունի եւ ճիշտ հակառակ բովանդակությունն ունի: Ուսումնասիրելով եզրահանգումները, որ վարվել են Եվրոպական դատարանի կողմիցˋ ճիշտ հակառակ պատկերն էր: Այս գործերով, որոնք վկայակոչել են եվրոպական դատարանի որոշումները, Վերաքննիչ դատարանը հանգել էր այն կարծիքին, որ մարդուն չէր կարելի կալանավորել»,-ասում է Բաղդասարյանը:
Նա նշում է, որ պետք է մանրամասն ուսումնասիրություն կատարել այդ առումով , որի համար ժամանակ է պետք: Այն ավարտելուց հետո միայն, առաջիկա օրերին կդիմեն Վճռաբեկ դատարան:
Այն հարցին, թե տրամադրե՞լ են հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի 3D մոդելավորված տարբերակը տուժող ընտանիքին եւ նրանց իրավապաշտպանին, Բաղդասարյանը պատասխանեց՝ ոչ:
«Մենք չեն տրամադրել 3D մոդելավորված տարբերակը, քանի, որ դա վերջերս է պատրաստվել: Իսկ քառասունքը դեռ չանցած, ես չէի կարող տրամադրել նրանց, դա բարոյական էլ չէր լինի»,-ասաց Բաղդասարյանը:
Նա հավելում է, որ եթե լինի տուժող կողմի փաստաբանի հետ բանակցության գործընթաց, քննարկվելու են հաշտության եզրերը: Իսկ հաշտության եզրերը կլինեն ոչ թե ներելու մասին, այլ այն, թե պատրա՞ստ են համատեղ քննարկել որոշ հարցերˋ օրինակˋ օբյեկտիվ ճշմարտությունը տուժող կողմը ցանկանում է որոշել, թե՞ չի ցանկանում:
«Եթե ցանկանում են իրենք ընտրել մի փորձագիտական կենտրոն, մենք կվճարենք ու կկատարվի փորձաքննություն»,-նշեց Բաղդասարյանը:
Araratnews.am-ի այն հարցին, թե մասնակցելու է տուժող կողմի սկսած փորձաքննությանը՝ տուժած ընտանիքի ավտոմեքենայի կողային հայելիների լինել-չլինելու վերաբերյալ, Բաղդասարյանը պատասխանեց.
«Փորձաքննությունը դեռ չի ավարտվել, ես ստացել եմ հրավեր մասնակցելու համար եւ հենց այսօր էլ մասնակցելու եմ փորձաքննությանը»:
Լիլիթ Առաքելյան