Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր ուշ երեկոյան դռնփակ նիստում որոշում է կայացրել ևս երկու ամսով երկարաձգել դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը։ Այս մասին տեղեկացնում է azatutyun.am-ը:
Կալանքը երկարաձգելու վերաբերյալ դռնփակ նիստը սկսվել էր այսօր ժամը 12-ին և ավարտվեց 21։30-ին։ Հայտնի դերասանը դատական նիստից հետո կրկին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։
Հիշեցնենք, Պետրոսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ մահացել են երկու երիտասարդներ։ Ինքը՝ Պետրոսյանը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել վիրահատության։ Վթարից օրեր անց, երբ դերասանը վատառողջ էր, որոշում կայացվեց նրան ձերբակալելու, մեղադրանք առաջադրելու և կալանավորելու մասին։
Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել այս գործով դատաքննությունը իրականացնել Երևանում, ոչ թե Կոտայքի մարզում։ Փաստաբանը պատճառաբաներ էր, որ այս գործով քննիչը փոխվել է, և այժմ քննություն իրականացնում է Երևանի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեմ պայքարի քննչական բաժինը։ Դատարանը այս միջնորդությունը մերժեց։