Դեռեւս 90-ականների սկզբներին ՀՀ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը երկրում կարգուկանոն մտցնելու, Հայաստանը զենքից եւ հանցագործներից «մաքրելու» նպատակով ոստիկանությունում հրավիրված գաղտնի ժողովներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ երկրում պետք է հաստատվի օրենքի դիկտատուրա. «Հեղափոխության արժեքները պետք է պահպանվեն, դրանք պահպանելու համար երկրում պետք է հաստատվի օրենքի դիկտատուրա, թշնամին հայտնի է, բայց կա ևս մեկ խոչընդոտ, դա օրինականության հաստատման ճանապարհին, նույն օրենքի պարտադրված խախտման համար վերահաս և անխուսափելի պատասխանատվությունն է: Զենքը խնդրելով հանցագործի ձեռքից չես վերցնի, նույն կերպ էլ հանցանքին սովոր և դրանով հարստացած մարդուց խնդրելով թալանածը չես վերցնի: ՆԳ-ն դա ուժային համակարգ է, այդ բառի մեջ է հենց իր գործունեության ողջ տրամաբանությունը: Մեզ միանշանակ կհաջողվի հաղթել թշնամուն և ապահովել ազգաբնակչության և պետության անվտանգությունը: Բայց նաև հենց այսօր ես ձեզ ասում եմ՝ այն, ինչ կանենք մենք այսօր, շատ արագ կմոռացվի, հանգիստ և անվտանգ կյանքին արագ սովորած ժողովուրդը կհիշի միայն իր անվտանգության ապահովման ճանապարհին մեր կողմից թույլ տրված անխուսափելի օրենքի խախտումները, դրա համար հետագայում մենք կհետապնդվենք հենց նույն օրենքի կողմից, իսկ ժողովուրդը կանիծի մեզ: Մեզանից մի մասը կարող է սպանվել, մյուսները կդատապարտվեն և կարտագաղթեն, արդյունքում մեր զավակները կմեծանան առանց մեզ: Սա է այն գինը, որ մենք կվճարենք, և ով պատրաստ է դա վճարի, ապա թող մնա, իսկ մյուսները ազատ են: Որոշում կայացնելուց հիշեք` կյանքը թանկ է, հայրենիքն ավելի»։
Պատմությունը կրկնվելու սովորություն ունի, այսօր էլ մենք ապրում ենք հետհեղափոխական Հայաստանում, եւ կրկին կա օրենքի դիկտատուրայի հրամայականը։