Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց, որ ՀՀ տարածքում Վայոց Ձորի մարզը աղքատության ցուցանիշներով ամենադրական նիշում է գտնվում:
«Ամենացածրն է եւ ծայրահեղ աղքատների, եւ աղքատների ցուցանիշով: Գյուղատնտեսության գործունեությամբ կարողանում են ունենալ այնքան եկամուտ, որ ծայրահեղ աղքատությունից վեր գտնվեն: Ինչ վերաբերում են արտագնա աշխատողներին, չկան նոր առանձնահատկություններ, որոնք խթան հանդիսանան արտագնա աշխատանքի մեկնելու համար: Ես կարծում եմ, որ հակառակըˋ արտագնա աշխատանքի գնում են առավելապես խոշոր քաղաքներից, խոշոր բնակավայրերից, որոնք արդյունաբերական ուղղվածության են ունեցել ժամանակին և այդ ոլորտներում են աշխատել»,-ասում է Ղազարյանը:
Նա նշում է, որ վերջին շրջանում մեկ խնդիր է նկատել. դա աշխատաշուկայում որոշակի կոնֆլիկտն է գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ:
«Կան գործատուներ, որոնք դժգոհում են աշխատող չունենալու հանգամանքից: Այս ամսվա մեջ Վայքում նոր հյուրանոց է բացվել, կառուցվել և սեփականատիրոջ հետ պարբերաբար հանդիպումների ընթացքում իրենց անհանգստությունն են հայտնել, որ չեն կարողանում աշխատողներ վարձել եւ շինարարության ընթացքում, եւ հյուրանոցային գործի կազմակերպման ընթացքում: Մարդիկ կան, որ չեն համաձայնում, կամ համապատասխան որակավորում ունեցող մասնագետ չկա»,-ասում է Ղազարյանը:
Մարզպետը հավելում է, որ այն մարդիկ, ովքեր աշխատանք են փնտրում, որոշակի կանխակալ վերաբերմունք ունեն աշխատանքի վարձատրության, պայմանների նկատմամբ: Եվ եթե առաջարկվող աշխատանքը չի համապատասխանում իրենց նախնական պատկերացումներին, իրենք հրաժարվում են աշխատելուցˋ չունենալով այլ աշխատանք: