Դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար կալանավորվել է Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը:
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- նշված է գրառման մեջ:
Սեպտեմբերի 18-ին, վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ոստիկանության Վայոց ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոնից» հաղորդում էր ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա: Վիճաբանության մասնակցության մեջ կասկածվում է նաև Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, որը, ըստ տեղեկության, տուն վերադառնալով, նկատել էր նշված անձանց և ինչ-որ հարցի շուրջ դիտողություն էր արել, և վիճաբանությունը շարունակվել է: