Մոլդովայի համար նոր ինտեգրացիոն ծրագրերին մասնակցելը առաջնահերթություն է: Այս մասին Դոդոնն ասաց հոկտեմբերի 1-ին Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում:
Դոդոնի խոսքով՝ վաղ թե ուշ ազատ առևտրի մեծ գոտի ստեղծելու բանակցություններ կսկսվեն Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև:
«Մոլդովան հետաքրքիր փորձ ունի, որը կարող է օգտակար լինել ԵԱՏՄ անդամների համար: Արդեն հինգ տարի է՝ մենք ներդրել ենք ազատ առևտրի համաձայնագիրը ԵՄ երկրների հետ՝ միաժամանակ այդպիսի համաձայնագիր ունենալով ԱՊՀ երկրների, Բալկանյան երկրների և Թուրքիայի հետ: Հույս ունենք, որ վաղ թե ուշ կսկսեն բանակցությունները ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև՝ միջազգային այս երկու խոշոր կառույցների ազատ առևտրի մեծ գոտի ստեղծելու համար»,- ասաց Դոդոնը:
Մոլդովայի Հանրապետության նախագահը նշեց, որ իրենք պատրաստ են ԵԱՏՄ անդամ երկրների հետ կիսվել ինտեգրացիոն գործընթացների իրենց ոչ պարզ, բայց արժեքավոր փորձով: