Նոյեմբերի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիեբեկյանի նախագահությամբ կշարունակվի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակն արդեն նորմալ է, և դատական նիստին ներկա չլինելու պատճառներ չունի։
Նա նշեց, որ նիստին նոր միջնորդություններ կներկայացվեն։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ՀՀ ՊՆ նախկին նախարար, գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը դատարանի թույլատվությունը ստացավ հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 4-ը երկրից բացակայելու համար։
Araratnews.am-ի հետ զրույցում Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ նա արդեն վերադարձել է, առողջական վիճակը լավ է, և կմասնակցի վաղվա նիստին։
Մեժլումյանն ասաց, որ վաղվա նիստին, եթե հասցնեն, միջնորդություն են ներկայցնելու՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։