ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի կարծիքով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահից հետո արված վաղաժամ հրապարակումները խոչընդոտում են քրեական գործի հետագա ընթացքին:
Լրագրողների հետ զրույցում Այվազյանը նշեց, որ պետք չէ այս փուլում ակնկալել նախաքննական տվյալների հրապարակում, որովհետև մի շարք քննչական դատավարական գործողություններ պետք է կատարվեն:
Անդրադառնալով այն հարցին, որ նախաքննության մարմինը քննության այս փուլում Հայկ Հարությունյանի՝ դեպքին նախորդող ժամանակահատվածում ալկոհոլ օգտագործելու տեղեկություն է հրապարակել, Այվազյանն ընդգծեց, որ գործի վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում, թե ինչ ծավալի տեղեկություն հրապարակի:
Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում ինքնասպանություն է գործել Հայկ Հարությունյանը: