Կյանքի 88-րդ տարում վախճանվել է բանաստեղծուհի, հրապարակագիր, ՀԳՄ անդամ Սեդա Վերմիշեւան: ՀԳՄ ռուսագիրների բաժանմունքի համանախագահն էր, միաժամանակ Մոսկվայի ԳՄ, Ռուսահայերի միության վարչության և ՌԴ կառավարությանն առընթեր ռուս-հայկական բարեկամության նախագահության անդամ։ Հեղինակ է շուրջ երեք տասնյակ գիտական, հրապարագրական, բանաստեղծական հայերեն և ռուսերեն գրքերի ու ժողովածուների։
Սեդա Վերմիշեւան ազգային-հասարակական, գրական-հրապարակագրական ակտիվ գործունեության համար արժանացել է «Մովսես Խորենացի», «Ներսես Շնորհալի», «Մ. Լերմոնտով» և Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Արցախի Հանրապետության, Ռուսահայերի միության և այլ կազմակերպությունների մի շարք այլ բարձր պարգևների։ Ազգային-հասարակական, գրական-գիտական վաստակավոր գործչի՝ Սեդա Վերմիշեւայի հիշատակը վառ կմնա նրա համախոհների, գրչընկերների և ընթերցողների հիշողության մեջ։
Սեդա Վերմիշեւայի գրչընկերներն ու այլք վերջին հրաժեշտի արարողությանը կմասնակցեն փետրվարի 22-ին՝ ժամը 12:00-ից 14:00-ը, Հայաստանի գրողների միության շենքում: Այս մասին տեղեկացնում է ՀԳՄ վարչությունը: