Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ներկայացրել է, թե ինչպես է տեղի ունեցել երեխային ենթադրաբար վրաերթի ենթարկելու հետ կապված միջադեպը:
Դավիթ Սանասարյանը ցույց է տվել դեպքի վայրը, ապա նկարագրել, թե ինչպես է երեխան քարից ընկել։
«Երեխան դիպչել է իմ մեքենային, բայց չի նշանակում, որ վրաերթի եմ ենթարկել»,- ասել է Սանասարյանը:
Դավիթ Սանասարյանի խոսքերով, երեխան նստել է իր մեքենան, և գնացել են հիվանդանոց, բժիշկը ռենտգեն ստուգում է արել, ասել է, որ ոչ մի կոտրվածք, ճաք չկա, և խորհուրդ է տվել գիպս դնել, որպեսզի մեկ շաբաթ անշարժ մնա ու շուտ լավանա: Հաջորդ օրը, առավոտյան, երեխայի մայրը զանգել է Սանասարյանին, «մուննաթ է եկել» և ասել, որ ամուսնու հետ միասին երեխային Ծերեթելիի հիվանդանոց է տանում: Երեխայի մայրը Սանասարյանին հարցրել, թե գալու է արդյոք ինքը: Սանասարյանը նույնպես հիվանդանոց է գնացել: Այնտեղ էլ ռենտգեն ուսումնասիրություն են արել, ասել, որ խնդիր չկա, բայց պետք է գիպս դնել:
Սանասարյանը հերքել է այն խոսակցությունները, թե ինքը բժշկի վրա ճնշում է գործադրել: Ինքն ամեն օր զանգել ու հետաքրքրվել է երեխայի առողջական վիճակով: Այնուհետև պարզել է, որ երեխան փոքրուց խնդիր ունի, և պետք է գլխի ՄՌՏ հետազոտություն արվի:
Դավիթ Սանասարյանը նշել է, որ իրենից 100 հազար դրամ են պահանջել: «Սա սկզբից ոչ թե շորթման փորձ էր, այլ ակնարկում էին, որ լրագրողները հետաքրքրվում են, ես խնդրեցի տալ այդ լրագրողների համարները, որպեսզի խոսեմ, բայց չտվեցին: Հետո, երբ ասացի, որ որևէ գումար չեմ տալու, իրենք ասացին, որ լրատվամիջոցներին կներկայացնեն: Ես էլ ասացի, որ հանգիստ կարող եք լրատվամիջոցներին ասել, ես որևէ վախենալու բան չունեմ, քանի որ մեղավոր չեմ եղել»,- ասել է Սանասարյանը: