Օգոստոսի 28-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել քաղաքացիների հետ։ Ընդունելության էին եկել ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից: Քաղաքացիները ոստիկանության պետին ներկայացրին դիմումներ, բողոքներ, առաջարկություններ։
Ընդունելության էին եկել նաև աշխատանքի ընդունման խնդրանքով քաղաքացիներ, որոնց դիմումները, Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով, կուսումնասիրվեն ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում։
Քաղաքացիներին հուզող հարցերը եղել են և՛ ոստիկանության իրավասության սահմաններում, և՛ դրանից դուրս։ Ոմանց դժգոհությունը նախկինում կարճված քրեական գործերի վերաբերյալ է եղել, ոմանք էլ խնդրել են, որ այս կամ այն հանցագործությունը հնարավորինս արագ բացահայտվի: Եղել են նաև քաղաքացիներ, որոնք բողոքել են ոստիկանության որոշ ծառայողների գործողություններից, նաև՝ անգործությունից։
Վալերիյ Օսիպյանը տեղում հանձնարարել է ուսումնասիրել բողոքները, պատշաճ լուծում տալ հարցերին՝ արդյունքների մասին քաղաքացիներին պարտադիր տեղեկացնելով։ Ոստիկանության պետը հավաստիացրել է, որ չի կարող լինել քաղաքացու որևէ դիմում-բողոք, որին ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ընթացք չտրվի:
Ինչ վերաբերում է ոստիկանության իրավասությանը չվերաբերող խնդիրներին` դրանք բազմաբնույթ են եղել և առնչվել են տարբեր գերատեսչությունների գործառույթներին։ Ոստիկանության պետը քաղաքացիներին պարզաբանել է իրենց անելիքները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ոչ միայն ուղղորդելով, այլև գործնական քայլերով։