Կառավարությունն այսօր որոշեց ստեղծել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագծի պետական բնապահպանական ու անկախ տնտեսական փորձաքննութունների անցկացման և Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ: Նախագիծը ներկայացրած Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասաց, որ տարաբնույթ անբարենպաստ մարդածին գործոնների ազդեցության ներքո անցյալ դարի կեսերից Սևանա լճում իշխան ձկնատեսակի գլխաքանակը կտրուկ նվազել է և տեսակը կորցրել է իր արդյունագործական նշանակությունը: Ներկայումս իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորությունից: Նրա չորս ենթատեսակից երկուսը՝ ձմեռային իշխանն ու բոջակը համարվում են իսպառ վերացած, իսկ գեղարքունին և ամառային իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ:
«ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկվում են Սևանա լճի մակարդակի և ջրային պաշարների ավելացմանն ուղղված միջոցառումներ, որոնք բացառիկ կարևորություն ունեն լճի էկոհամակարգի վերականգնման համար: Սակայն լճի մակարդակի բարձրացման և ջրի ծավալի մասնակի ավելացման միջոցով Սևանի խախտված էկոհամակարգի վերականգնման խնդիրները չեն կարող լուծվել առանց էնդեմիկ տեսակների պահպանման և դրանց բնական պաշարների վերականգնմանն ուղղված գործնական միջոցառումների իրականացման:
2004 թվականից սկսած պետական տարբեր ծրագրերի շրջանակներում ամեն տարի որոշ քանակությամբ մանրաձուկ է բաց թողնվում Սևանա լիճ, ձկան պոպուլյացիան վերականգնելու նպատակով: Սակայն գեղարքունի և ամառային իշխանը որպես տեսակ պահպանելու և նրանց պոպուլյացիան վերականգնելու համար նշված միջոցառումները բավարար չեն: Այդ խնդրի արդյունավետ լուծում կարող է դառնալ Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ: