Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա առաջարկում է 50 և ավելի տարի գործող ստեղծագործական միությունները գրանցելիս պահպանել «ստեղծագործական միություն» անվանումը և իրավահաջորդությունը:
Կառավարությունը նպատակահարմար է համարել նշված կազմակերպությունների անվանումներում սահմանել «ստեղծագործական միություն» բառերի օգտագործումը` պահպանելով «հասարակական կազմակերպություն» իրավական ձևը (օրինակ` «Հայաստանի գրողների ստեղծագործական միություն» հասարակական կազմակերպություն): Մատնանշվել են նաև օրենսդրական տեխնիկայի կանոնները չպահպանելու օրինակներ: Գործադիրը նախագիծն ընդունելի կհամարի իր ներկայացրած առաջարկության ընդունման դեպքում: