Պակիստանում սպանվել է այդ երկրի թալիբների առաջնորդ Հաքիմուլլահ Մեհսուդը։ Հազարավոր մարդկանց սպանությունների համար պատասխանատու Մեհսուդը զոհվել է ամերիկյան անօդաչու սարքի հրթիռակոծության հետևանքով։ Թալիբները հաստատել են իրենց առաջնորդի մահվան փաստը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հայտնի է, որ անօդաչու սարքը չորս հրթիռ է արձակել Հյուսիսային Վազիրիստան նահանգի գյուղերից մեկի ուղղությամբ, որը համարվում է «Թալիբան» շարժման կայանատեղիներից մեկը։ Մեհսուդի մահը BBC-ի հետ զրույցում հաստատել է նաև թալիբների բարձրաստիճան պաշտոնյան։ Հետաքրքիր է, որ Մեհսուդը սպանվել է այն նույն օրը, երբ Պակիստանի ղեկավարությունը հայտարարել է, որ բանակցություններ է սկսում թալիբների հետ։
Տեղեկացնենք, որ Մեհսուդը նախկինում էլ էր սպանված հայտարարվել 2010 թվականին։ Սակայն ամիսներ անց նա հերքել էր այդ լուրը։