Այսօր՝ ապրիլի 17-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին՝ Porsche Cayenne մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենայի մեջ, տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը:
Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի՝ Նոր Նորք 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Գեղամ Աբրահամյանի դին։ Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ նրա վրա կա հրազենի վնասվածք։
Աղբյուրը գրում է, որ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք՝ «ՄՌ-155» տիպի որսորդական ողորկափող հրացանը։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մարտիրոսյանի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Կասկածյալ Ա. Կիրակոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Վերջինս աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի՝ Շորժա կայարանում որպես հերթապահ։ Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հրապարակում։