Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մայիսի 27-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի հաստատել էր մամուլի հրապարակումներն այն մասին, որ Գորիսի բնակիչ, 1987 թ. ծնված Էյներ Խ.-ն մայիսի 25-ին Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկի մոտ ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հ.-երին: Հիշեցնենք, որ Էյներ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին է եւ նրա նկատմամբ քրեական գործ չհարուցվեց՝ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (արարքի մեջ հանցակազմ չկա): Այս թեմայի վերաբերյալ Araratnews.am-ի լրագրողը զրուցել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ, ով ասել է, որ այդ իրավիճակի մասին ընդամենը կարել է ասել հետևյալը. «ՀՀ-ում կան մարդիկ, ովքեր օրենքից դուրս են ու օրենքից վեր են, ու հենց Սուրեն Խաչատրյանը Սերժ Սարգսյանի թողտվությամբ ու պաշտպանությամբ օրենքից վեր է, նա շատ ավելի պաշտպանված է, քան անգամ Սերժ Սարգսյանը, որովհետև նա այնքան մեծ ու լուրջ ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին և գործող իշխանություններին, որ նրան ու իր հարազատներին ամեն ինչ կարելի է: Այնպես որ, նրանք ինչ ուզում են՝ կարող են անել և անելու են, որովհետև ունեն համապատասխան պաշտպանություն, նրանք գնել են այդ իրավունքը և օգտվում են այդ իրավունքից»: Իրավապաշտպանի կարծիքով այս հարցում պետք չէ մեղադրել Սուրիկ Խաչատրյանին և վերջինիս հարազատներին. «Նրանք բացարձակապես անմեղ են, մեղավոր են նրանք, ովքեր նրանց տվել են այդ իրավունքը: Իսկ Սերժ Սարգսյանն այսօր այդ իրավունքը տվել է նրան, նախորդ իշխանությունները Ռոբերտ Քոչարյանի հետ միասին այդ իրավունքը տվել են Սուրիկ Խաչատրյանին, և նա էլ օգտվում է դրանից: Այսինքն՝ խոսել Խաչատրյանի մասին ավելորդ է, հարկավոր է խոսել Սերժ Սարգսյանի մասին»,- կարծում է իրավապաշտպանը: Վերջինս նշեց, որ նման պատկեր միշտ եղել եւ լինելու է դեռ երկար ժամանակ. «Նրանք կարող են դանակահարել, գնդակահարել, ինչ ուզում են՝ կարող են անել»,- եզրափակեց Վարդան Հարությունյանը:
Էմմա Պալյան