Կրասնոդարի երկրամասում այժմ միանգամայն օրինականորեն կարելի է սուզվել «Նիրվանայի» մեջ. Այս անունն է կրում Ռուսաստանում երրորդ լեգալ խաղատունը, որն այցելուների առջև իր դռներն է բացել հոկտեմբերի 18-ին։ Սեփականատերերը վստահ են, որ ներդրված 200 մլն ռուբլին կկարողանան վերադարձնել։
Պտտախաղ, պոկերի սեղաններ, 3 տասնյակ խաղային ավտոմատներ և բրոնզե Բուդդան՝ որպես հաջողության խորհրդանիշ։ Խաղատունը 1500 քառ. մ տարածք է զբաղեցնում։ Կարծես թե Ռուսաստանում թափ է առնում խաղատնային բիզնեսը։ Եվս 2 խաղատներ են կառուցվում Կուբանում, իսկ Անապայում ավելի քան 800 հեկտար է հատկացվել այս բիզնեսը կազմակերպելու համար։ Թույլատրվել է «խաղային գոտի» բացել Սև ծովի առափնյա տարածքներում, թեև արդեն իսկ գործող խաղատներն էլ կշարունակեն զարգացում ապրել։
Գործում են նաև հյուրանոցներ VIP խաղացողների համար, չնայած այցելուները հիմնականում տեղացիներ են, ավելի հազվադեպ՝ մոլի խաղացողներ Մոսկվայից և այլ խոշոր քաղաքներից։