Այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մամուլի ասուլիսը:
Թեմա` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերը:
Զարուհի Բաթոյանը ևս մեկ անգամ հանգամանալից ներկայացրեց կառավարության հավանությանն արժանացած 11 աջակցության ծրագրերը:
Ինչպես տեղեկացրեց նախարարը, չորրորդ ծրագրի շահառուների ցանկը թարմացվում է, վեցերորդ ծրագրի բոլոր շահառուների գումարները փոխանցված են, հղի կանանց աջակցության ծրագիրն ընդլայնվել է, և ցանկը թարմացվում է, ութերորդ ծրագրով՝ տուժած՝ գրանցված աշխատողների 27000 դիմումները հաստատվել են, իններորդ ծրագիրը ևս մեկնարկել է: Սակայն այս պահին մի քանի ժամով դադարեցվել է իններորդ ծրագրի աջակցության դիմումների ընդունումը` կապված գերծանրաբեռնվածության հետ:
Սննդի ծանրոցների հարցերով զբաղվում են քաղաքապետարանները, համայնքնապետարանները, իսկ նախարարությունը համակարգում է այդ աշխատանքները:
Սոցապնախարարն իր խոսքում նշեց, որ շարունակվում են հասարակության այն շերտերի հայտնաբերման աշխատանքները, որոնք չեն օգտվում վերը նշված աջակցություններից՝ նրանց ևս աջակցություն ցուցաբերելու համար:
Հայկ Մագոյան