COVID-19 կորոնավիրուսից պաշտպանվելու համար պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին մասնակիցը փորձնական դեղաչափ կստանա այսօր՝ մարտի 16-ին: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին նշում է Associated Press լրատվական գործակալությունը։
Փորձարկումը տեղի է ունենալու Սիեթլում գտնվող հետազոտական ինստիտուտներից մեկում և ֆինանսավորվում է Առողջապահության ազգային ինստիտուտների կողմից:
Առողջապահության ոլորտի պաշտոնյաների հաղորդմամբ՝ որևէ հնարավոր պատվաստանյութը լիովին հաստատելու համար հարկավոր է 1-1.5 տարի: Փորձարկմանը կմասնակցեն 45 երիտասարդ, առողջ կամավորներ, որոնց կտրվեն փորձնական պատվաստանյութի տարբեր դեղաչափեր: Ըստ պաշտոնյայի՝ մասնակիցները չեն կարող վարակվել, քանի որ նմուշները չեն պարունակում վիրուս: Փորձարկման նպատակն է համոզվել, որ պատվաստանյութերը լուրջ կողմնակի ազդեցություններ չունեն, ինչից հետո կարելի է անցնել ավելի լայնամասշտաբ թեստերի: